Արարատի մարզի Սուրենավան գյուղում գյուրզա տեսակի օձի խայթոցից մահացած 54-ամյա Կարինե Հարությունյանի գործով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տաթեւիկ Սիրադեղյանը:
«Հունվարի 14-ին է նշանակվել փորձաքննությունը, սակայն օրը դեռեւս հայտնի չէ: Մենք միջնորդել ենք, որ մասնակցենք փորձաքննությանը, քննիչից դեռեւս պատասխան չենք ստացել»,- ասաց Տաթեւիկ Սիրադեղյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում 2015թ. օգոստոսի 17-ին Սուրենավանի բնակչուհի 54-ամյա Կարինե Թադեւոսյանին օձ է խայթել, երբ նա աշխատելիս է եղել տնամերձ հողամասում։ Նրան տեղափոխել են Արարատի հիվանդանոց, այնուհետեւ Երեւան, որտեղ էլ կինը 2 օր անց մահացել է: Կարինե Հարությունյանի հարազատները պնդում են, որ «Արարատ» Բժշկական կենտրոնի աշխատակիցները պատշաճ բուժոգնություն չեն ցուցաբերել կնոջը
Արարատի ԲԿ-ի տնօրեն Արայիկ Սարդարյանը, սակայն, մեզ հետ զրույցում հայտնել էր, որ կնոջն անհրաժեշտ բոլոր ներարկումներն արել են, սակայն կնոջ վիճակը կտրուկ վատացել է եւ իրենք նրան տեղափոխել են Երեւան:
54-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հոդվածով`(ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ 2-րդ մաս):




























