Վաղ թե ուշ, Հայաստանը կհաղթահարի բոլոր դժվարությունները եւ կշարունակի ընդհատված եվրոպական ինտեգրումը: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստում ունեցած իր ելույթում նշել է Հայաստանի ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ժողովրդավարացման, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների եւ ազատությունների թեմային: Այս մասին նա գրել է Facebook-իր իր էջում:
Նա նշել է, որ իր ելույթում անդրադարձ է կատարել մարդու իրավունքների եւ ազատությունների ներկայիս վիճակին եւ կոչ արել եվրոպական ինստիտուտներին, շարունակել համագործակցությունն ու աջակցությունը ՀՀ իրավապաշտպան կառույցներն։
«Անդրադառնալով սահմանադրական հանրաքվեին եւ ընտրական իրավունքների խախտումներին, եվրոպական խորհրդարանի իմ գործընկերների ուշադրությունը հրավիրեցի ընտրական նոր մեխանիզմների ղրղզական փորձին եւ ներկայացրեցի Լուսավոր Հայաստան Կուսակցության առաջարկները՝ ՀՀ նոր ընտրական օրենսգրքի վերաբերյալ՝ ակնկալելով ԵՄ աջակցությունը՝ նշված մեխանիզմները ՀՀ-ում ներդնելու եւ վերջնականապես վերջ տալու 20 տարի ձգվող ընտրախախտումների համակարգին։
Ելույթիս վերջում վստահություն հայտնեցի առ այն, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունը Հայաստան-ԵՄ խորը ինտեգրացման կողմնակից քաղաքական ուժ է եւ հավատում է, որ վաղ թե ուշ, Հայաստանը կհաղթահարի բոլոր դժվարությունները եւ կշարունակի ընդհատված եվրոպական ինտեգրումը»,– գրել է պատգամավորը։




























