Սուրբ Սարգսի տոնին` հունվարի 23-ին, «Մենք մեր զիվորի կողքին ենք» ծրագրի շրջանակում ԱՀԹ-ն առաջին անգամ կպարգեւատրի զինվորներին: Այս մասին այսօր` հունվարի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը` նշելով, որ Սուրբ Սարգիսը զորավար է եղել եւ նրա 14 զինվորներն ու նրա որդին հավատքի համար են նահատակվել:
«Բացի պարգեւատրումից լինելու է նաեւ Խաչի երթ` Երեւանի կենտրոնից, ժամը 14:00-ին, լինելու է նաեւ տոնակատարություն, Երեւանի Կարապի լճի մոտ կլինի համերգ, որի ժամանակ երիտասարդները նվերներ եւ աղի բլիթ կբաժանեն ներկաներին»,-ասաց Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը` նշելով, որ Սուրբ Սարգսի տոնը շարժական տոն է, երիտասարդների օրհնության օր:
Աղի բլիթ ուտողներին, Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը խորհուրդ տվեց այն ուտել հավատքով` հունվարի 22-ի երեկոյան: Նրա խոսքով, Սուրբ Սարգսի տոնին աղի բլիթ ուտելն ազգային սովորություն է, Հայ Առաքելական եկեղեցին այն ոչ մերժում է, ոչ էլ քաջալերում:




























