Նավթի գները դեռեւս չեն հասել իրենց նվազագույն մակարդակին, սակայն Ռուսաստանի տնտեսությունը, հարմարվելով նոր պայմաններին, միջնաժամկետ հեռանկարում կսկսի նորից աճել։ Այս մասին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած «ՎՏԲ Կապիտալ» գործնական նախաճաշի ժամանակ ասել է ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը։

«Դա կարող է լինել բարելի դիմաց 18 եւ 16 դոլար գինը, որն իհարկե երկար չի պահպանվի, եւ հետո գինը կսկսի աճել»,- ասել է Կուդրինը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Նրա կարծիքով կան շատ հանգամանքներ, որոնք կօգնեն հաղթահարել այս ժամանակաշրջանը՝ երկրի պաշարները, Ռուսաստանի փոքր պարտքը՝ ՀՆԱ մոտ 15.5 տոկոս։ «Մենք կարող ենք պարտքեր անել։ Ճկուն փոխարժեքն օգնում է ադապտացնել տնտեսությունը»,- կարծում է Կուդրինը։

Նշենք, որ Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,42 տոկոսով՝ հասնելով 28,47 դոլարի մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,65 տոկոսով՝ հասնելով 28,06 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: