Հայաստանի պատվերով Ռուսաստանը դաբաղի կանխարգելմանն ուղղված պատվաստանյութ կարտադրի: Այս մասին նշվել է հունվարի 20-ին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի՝ ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հունվարի ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության՝ մասնավորապես Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ գիտատեխնիկական փոխգործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են կենդանիների սուր վարակիչ հիվանդությունների տարածման դեմ պայքարի հարցում ջանքերը համախմբելու անհրաժեշտության ու արդյունավետության մասին: Մասնավորապես՝ այս նպատակով Դաշնային ծառայության ենթակայության տակ գտնվող Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոնը Հայաստանի Հանրապետության պատվերով առաջիկայում կարտադրի կենդանիների դաբաղ հիվանդության կանխարգելմանն ուղղված պատվաստանյութ, որը կպարունակի նաեւ դաբաղի վիրուսի դեմ պայքարող նոր՝ AG-VII շճատեսակ: Իսկ այս շճատեսակի առկայությունն այսօր արդիական խնդիր է Հայաստանի համար, քանի որ հարեւան երկրներում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում եւ Թուրքիայի Հանրապետությունում, վերջերս պարբերաբար գրանցվել են տվյալ շճատեսակով դաբաղ հիվանդության դեպքեր: Մինչեւ այսօր հանրապետությունում օգտագործվող պատվաստանյութը հնարավորություն չէր ընձեռնի կենդանիների մոտ ստանալ պատշաճ վարակամերժություն:

Արմեն Հայրապետյանը տեղեկացրել է, որ ԵՏՄ անդամակցության շրջանակներում հատկացված ֆինանսական աջակցության միջոցներով արդեն իսկ որոշակիորեն վերազինվել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լաբորատորիան, որը հնարավորություն կտա ապահովել սննդամթերքի եւ բիոլոգիական անվտանգության նոր մակարդակ հանրապետությունում:

Բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ առաջիկա օրերին երկու ծառայությունների համագործակցության հեռանկարները եւ արդիական այլ հարցեր քննարկելու նպատակով Հայաստան կժամանի ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Վլասովը:

Գործընկերները քննարկել են նաեւ երկկողմ համագործակցության ընթացիկ հարցեր՝ անդրադառնալով պարենամթերքի ներմուծմանն ու արտահանմանը, ինչպես նաեւ խոսվել է միասնական տեղեկատվական համակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին, որը հնարավորություն կընձեռի ապահովել ապրանքների ամբողջական հետագծելիությունը ԵԱՏՄ տարածքում եւ կուժեղացնի վերահսկողությունը ոլորտում: