Մոտ մեկ տասնյակ քաղաքացիներ այսօր՝ հունվարի 21-ին, նամակներ են հանձնել ՀՀ-ում մի քանի դեսպանությունների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, Եվրոպական միության եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցչություններին՝ ակնկալելով նրանց աջակցությունը Գեւորգ Սաֆարյանի եւ Հայկ Կյուրեղյանի գործերին:
Քաղաքացիներն նամակներ հանձնեցին ՀՀ-ում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանություններին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, Եվրոպական միության եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցչություններին: Նրանք ակնկալում են դիվանագիտական ներկայացուցչությունների միջամտությունը՝ քաղբանտարկյալներ Գեւորգ Սաֆարյանի եւ Հայկ Կյուրեղյանի կյանքին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար նրանց քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ նույն խցերում չտեղավորելու, ինչպես նաեւ Գեւորգ Սաֆարյանին «Հյուման Ռայթս Ուոչ»-ի պաշտոնական հայտարարության համաձայն ազատ արձակելու հարցերում:
Ստորեւ ներկայացնում ենք նամակի բովանդակությունը. «2013 թ. սեպտեմբերի 3-ից հետո, օգտվելով Եվրասոցացման ծրագրից հրաժարվելու եւ Եվրասիականության ուղին որդեգրելու հետեւանքով ստեղծված նպաստավոր պայմաններից, Սերժ Սարգսյանի ռեժիմը կտրուկ կերպով ուժեղացրեց ճնշումները ընդդիմության եւ իր կողմից չվերահսկվող հասարակական կազմակերպությունների նկատմամբ:
Զուգահեռաբար՝ սկիզբ դրվեց ՀՀ Սահմանադրությունը փոխելու միջոցով Սերժ Սարգսյանի եւ նրա կուսակցության իշխանությունը հավերժացնելու ծրագրի իրականացմանը, որն ավարտվեց 2015 թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների զանգվածային կեղծման միջոցով այդ ցանկալի սահմանադրության ընդունմամբ:
Ուստի այդ ճնշումներն ու բռնությունները նոր՝ շատ ավելի բարձր, մակարդակի հասան 2015 թ. դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի ընթացքում եւ դրանից հետո՝ դրեւորվելով ընտրությունների կեղծված արդյունքների դեմ բողոքող քաղաքական ակտիվիստների ծեծով ու բռնություններով, որոնց գագաթնակետը դարձավ 2015 թ. դեկտեմբերի 31-ից 2016 թ. հունվարի 1-ի գիշերը բողոքող երիտասարդության առաջամարտիկ Գեւորգ Սաֆարյանի անհիմն եւ ապօրինի կալանավորումը:
Վարչախմբի կողմից մարդու իրավունքները ոտնահարելու գործելակերպի որդեգրումը, մասնավորապես, հիմնավորվում է այն հանգամանքով, որ Գեւորգ Սաֆարյանին ազատ արձակելու մասին ՀՀ դատախազին հասցեագրված Հյուման Ռայթս ՈՒոչ-ի պահանջի (փաստաթուղթը կցվում է) նկատմամբ իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորական խմբակցության անդամները հրապարակայնորեն հանդես եկան քամահրական եւ լկտի հայտարարություններով, իսկ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ բանտում քրեական բանտարկյալնների միջոցով սկսվեց հոգեբանական եւ ֆիզիկական ահաբեկման գործընթաց, որը սպառնում է ոչ միայն նրա առողջությանը, այլեւ կյանքին:
Մարդու իրավունքների պաշտպանության վիճակն այնքան անելանելի է դարձել, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը, անօգնական զգալով իրեն այդ ինստիտուտի գործառույթներն իրականացնելու գործում, ստիպված հրաժարական տվեց:
Ստեղծված պայմաններում մենք ակնկալում ենք Ձեր միջամտությունը Գեւորգ Սաֆարյանի կյանքի եւ առողջության նկատմամբ բանտում ոտնձգությունները դադարեցնելու եւ նրան ազատ արձակելու նպատակով ՀՀ իշխանություններին «Հյուման Ռայթս Ուոչ»-ի պահանջի իրականացման հարցում:
Խնդրում ենք նաեւ միջամտել քրեական բանտարկյալներից զերծ խցում տեղավորելու վերաբերյալ քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանի պահանջի կատարման հարցում: Իր կյանքին եւ առողջությանն սպառնացող ռեալ սպառնալիքից խուսափելու նպատակով Հայկ Կյուրեղյանը այդ պահանջով հացադուլից հետո արդեն չորրորդ օրն է՝ նաեւ ջրադուլ է հայտարարել, իսկ այդ գերծայրահեղ միջոցը մոտալուտ վտանգ է նրա կյանքի համար»:




























