Նոր կառավարող ընկերության օրոք ՀԷՑ-ում տեխնոլոգիական կորուստները նվազել են՝ 12.73 տոկոսից կազմելով 11.1 տոկոս։ Այս մասին հունվարի 21-ին լրագրողներին ասել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական ռեսուրսներ նախարար Երվանդ  Զախարյանը՝ ամփոփելով 2015թ. արդյունքները։

Երկար տարիների ընթացքում առաջին անգամ կորուստները ՀԾԿՀ նորմատիվից ցածր են՝ 11.27 տոկոս։

«Նախկին ընկերության ղեկավարությամբ բարձր կորուստներն ուղեկցվում էին մեղմ ասած ոչ այնքան արդյունավետ աշխատանքով։ Սակայն անցած ամիսների ընթացքում կառավարող նոր ընկերությունը մի շարք արդյունավետ միջոցառումներ է ձեռնարկել»,- նշել է նախարարը։

Արդյունքում, եթե նախկինում արդյունավետության պակասի պատճառով ՀԷՑ-ը վնասով էր աշխատում, ապա 2016թ. հունվարի 1-ից հաշվեկշռում մնացորդը դրական է՝ նախնական հաշվարկներով 2.5-3 մլրդ դրամ։ «Ես կարծում եմ, որ դա ե՛ւ նախարարության, ե՛ւ ողջ էներգետիկ համակարգի ամենամեծ նվաճումն է»,- ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ 2015թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ իշխանությունները արտոնել էին ՀԷՑ-ի վաճառքը «Տաշիր գրուպին»։