Հունվարի վերջին ԵԽԽՎ-ում քննարկման է դրվելու ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հակահայկական երկու բանաձևի նախագիծ, որոնցից մեկը՝ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում», հղում է անում ԵԽ-ին անդամակցելիս ՀՀ ստանձնած պարտավորություններին և դրանց հիման վրա խեղաթյուրված պահանջներ ներկայացնում Հայաստանին:
Խնդրին առավել հանգամանորեն ծանոթանալու համար անդրադառնանք վերոնշյալ փաստաթղթերին:
2001 թվականի հունվարի 25-ին Հայաստանն ու Ադրբեջանը դարձան Եվրոպայի խորհրդի համապատասխանաբար 42-րդ և 43-րդ անդամները: Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը և Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը իրենց երկրների դրոշների բարձրացման պաշտոնական արարողությունից հետո ստորագրեցին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որի ստորագրումը ԵԽ-ին անդամակցելու նախապայմանն է: Նույն օրը Քոչարյանն ու Ալիևը ելույթով դիմեցին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովին:
Հայաստանի անդամակցության գործընթացը սկսվել է 1995 թվականին: 1996 թվականի հունվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովը ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում ստացել է Հատուկ հրավիրյալի կարգավիճակ: Հայաստանը ԵԽ-ին անդամակցելու հրավերը ստացել է 2000 թվականի նոյեմբերի 9-ին` ԵԽ Նախարարների կոմիտեի թիվ 2000/13 որոշման համաձայն:
2001 թվականի հունվարի 25 Հայաստանը դարձավ ԵԽ լիիրավ անդամ և ԵԽԽՎ թիվ 221(2000) Եզրակացության 13-րդ հոդվածի 13.2 ենթակետի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ստանձնեց հետևյալ պարտավորությունները`
• շարունակել ջանքերը այս հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով կարգավորելու ուղղությամբ,
• օգտագործել իր զգալի ազդեցությունը Լեռնային Ղարաբաղում հայերի վրա՝ նպաստելու հակամարտության լուծմանը,
• կարգավորել միջազգային և ներքին վեճերը խաղաղ միջոցներով և միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն` վճռականորեն մերժելով իր հարևանների դեմ ուժի կիրառման ցանկացած սպառնալիք:
Ադրբեջանի վերաբերյալ ԵԽԽՎ թիվ 222 (2000) Եզրակացության համաձայն՝ Ադրբեջանը ստանձնեց հետևյալ պարտավորությունները`
• շարունակել ջանքերը՝ հակամարտությունը միայն խաղաղ միջոցներով կարգավորելու համար̦
• կարգավորել միջազգային և ներքին վեճերը խաղաղ միջոցներով և միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն` վճռականորեն մերժելով իր հարևանների դեմ ուժի կիրառման ցանկացած սպառնալիք:
ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերն իր հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումը կրող բանաձևի նախագծում, վկայակոչելով 2001 թվականի հունվարին Եվրոպայի խորհրդին միանալիս Հայաստանի և Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները̦ իրավացիորեն հիշեցնում է̦ որ կողմերը «պարտավորվել են կիրառել միայն խաղաղ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորման համար»: «Հետևաբար, Վեհաժողովը կոչ է անում երկու կառավարություններին զերծ մնալ միմյանց դեմ զինված ուժ կիրառելուց, ինչպես նաև ռազմական գործողություններ քարոզելուց»̦- իր բանաձևի նախագծում գրում է Ռոբերտ Ուոլթերը` մոռանալով̦ որ «ռազմական գործողություններ քարոզելու» գլխավոր ջատագովը եղել և մնում է Ադրբեջանը:
Հետևաբար, առաջարկելով, ինչպես ինքն է ձևակերպում, «հայկական զինված ուժերի և մյուս անկանոն զինված ուժերի դուրսբերում Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներից, Ադրբեջանի լիակատար ինքնիշխանության հաստատում այդ տարածքներում»` բրիտանացի պատգամավորը լիովին խեղաթյուրում է 2001 թվականի հունվարին ԵԽ-ին անդամակցելիս Հայաստանի ստանձնած պարտավորությունները:
Բացի այդ՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ Եզրակացություններում ընդգծվում է, որ Խորհրդարանական վեհաժողովը կարծում է, որ «Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությունը կարող է օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ վստահության մթնոլորտի ստեղծմանը»: Նշվում է նաև, որ «Խորհրդարանական վեհաժողովը ԵԱՀԿ Մինսկի խումբը համարում է ամենաբարենպաստ շրջանակը հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների համար»:
Հետևաբար, հակամարտության կարգավորման շուրջ քննարկումների տեղափոխումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ընթացող բանակցություններից մեկ այլ շրջանակ, այս դեպքում` ԵԽԽՎ, այն էլ նման անարդյունավետ և ոչ կառուցողական մոտեցմամբ, չի համապատասխանում Խորհրդարանական վեհաժողովի թիվ 221(2000) և թիվ 222 (2000) Եզրակացությունների հռչակած սկզբունքներին:
Արմեն Գեւորգյան




























