Խուլիգանություն կատարելու համար մեկ ամիս  կալանքի տակ գտնվող, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 27-ամյա բնակիչ Կարեն Օհանյանին գրավի դիմաց 2015թ. դեկտեմբերի 29-ին ազատ են արձակել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարենի հայրը՝ Արմեն Օհանյանը: Ըստ Արմեն Օհանյանի` որդուն անհիմն էին կալանավորել, նա անմեղ էր եւ պետք  է ազատ արձակվեր:

2015թ. նոյեմբերի 10-ին ոստիկանությունը մեքենա վարելիս բերման է ենթարկել Կարենի ծանոթներից մեկին` համագյուղացուն, եւ նրա ավտոմեքենան տեղափոխել տուգանային հրապարակ` պատճառաբանելով, որ վարորդը ալկոհոլ օգտագործած վիճակում է մեքենան վարել: Դեպքի օրը Նորատուսի բնակիչները դիմել են ճանապարհային ոստիկանություն եւ ասել՝ տվյալ անձը ալկոհոլ օգտագործած վիճակում չի եղել, ունի վարորդական իրավունք եւ պահանջել  են մեքենան վերադարձել քաղաքացուն, սակայն պետավտոտեսուչը մերժել է:

Այնուհետեւ բանավեճ է տեղի ունենում, որին մասնակցում է նաեւ Կարեն Օհանյանը:  Նորատուսցիները  փակում են ճանապարհն ու պահանջում մեքենան վերադարձնել: Ճանապարհը փակվելուց հետո մարզի ու ոստիկանության ղեկավարությունը տեղեկանում են դեպքի մասին, եւ ոստիկանության տեսուչը ավտոմեքենան բերում, հանձնում է ճանապարհը փակած անձանց:

Մի քանի օր հետո Կարենն ինչ-որ վիճաբանության մեջ է ընկնում, որից հետո բերման են ենթարկում նրան, այնուհետեւ կալանավորում:

NEWS.am-ի հետ զրույցում Կարենի փաստաբան Վահան Հովհաննիսյանը նույնպես նշել էր, Կարեն Օհանյանն անմեղ է եւ քրեական գործի նախաքննության ընթացքում մյուս կողմի տված ցուցմունքները կեղծ  են:

Վահան Հովհաննիսյանը նշել էր, որ Քննչական կոմիտե միջնորդություն է ուղարկվել, որպեսզի Կարենի նկատմամբ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվի, սակայն միջնորդությունը անհիմն, առանց պատճառաբանության մերժվել է: Դրանից հետո նշված միջնորդությունը մարզի դատախազություն են բողոքարկել եւ հայտնել, որ պաշտպանական կողմի կարծիքով ներկայում քննիչի գործողություններում առկա են  պաշտոնական հանցագործության հատկանիշներ:

Նշենք, որ Նորատուսի մի քանի տասնյակ բնակիչներ 2015թ. դեկտեմբերի 15-ին փակել էին Վարդենիս-Երեւան ճանապարհը՝ պահանջելով ազատ արձակել Կարեն Օհանյանին: