Ռուս-թուրքական հարաբերությունների այս փուլում հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված որեւէ զարգացում ակնկալելը իրատեսական չէ, ու քանի որ հիմա գործընթացը սառեցված է, Դաշնակցությունը համարում է իր այդ պահանջը կատարված է եւ կրկին կոալիցիա է կազմում իշխանության հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն՝ անդրադառնալով ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կոալիցիա կազմելու բանակցություններին։
«Անգամ աննախադեպ կեղծիքներով անցկացված հանրաքվեն չխոչընդոտեց կոալիցիային, մինչդեռ դաշնակցականները վստահեցնում էին, որ եթե կեղծիքներ լինեն, իրենք դրան դեմ դուրս կգան, բայց չարեցին։ Ակնհայտ է, որ ամեն ինչ անելու էին, որ գնային կոալիցիայի։ Այլոց նման ոչ թե կեղծ ընդդիմության խաղ են խաղում, այլ հստակ դառնում են իշխանության կողմնակից»,-ասաց Մարտիրոսյանը:
Նա տարակուսում է ՀՅԴ-ականների այն վստահեցումներից, որ իշխանության հետ համագործակցությամբ՝ հանրության շրջանում դրական սպասումներ են ստեղծելու։ «Իշխանությունն իր բնույթով պետքէ փոխվի, որ դրական սպասում լինի, եթե մի քանի ուժեր միանում են ՀՀԿ-ին եւ այդ ուժի որոշումներն են կյանքի կոչում, ինչպե՞ս պիտի դրական սպասում իրականացնեն ժողովրդի շրջանում»։




























