Դատարանում ՀՀԿ խմբակցության գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ա եւ Գ» եւ «Ալեքս Գրիգ» ընկերությունների շահերը պաշտպանող Հունան Տեր-Վարդանյանը կփորձի ապացուցել, որ ռուսական «Զելյոնայա մարկա» եւ պատգամավորին պատկանող ընկերության արտադրության «Զելյոնայա մետկա» օղու ապրանքանշանների միջեւ շփոթեցնող նմանություն չկա:

«Ես կարծում եմ, որ երկու ապրանքանշանները շփոթության աստիճան իրար նման չեն: Մեր դիրքորոշումն այդպիսինն է լինելու եւ փորձելու ենք հիմնավորել այդ հանգամանքը»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:

Հունան Տեր-Վարդանյանը նշեց, որ Կիպրոսի մայրաքաղաքում գրանցված «Վլակտոր Թրեյդինգ Լիմիթեդ» ընկերությունը դեռեւս չի հստակեցրել՝ ինչ պահանջով է հայց ներկայացրել «Ա եւ Գ» ՍՊԸ-ի դեմ:

«Նախորդ դատական նիստը հենց այդ պատճառով հետաձգվեց: Հայցվոր ընկերության ներկայացուցիչները դատարանից ժամանակ խնդրեցին, որպեսզի հստակեցնեն, թե «Ա եւ Գ» ՍՊԸ-ի նկատմամբ կոնկրետ ինչ պահանջ են ներկայացնելու, երբ կներկայացնեն, այդ ժամանակ արդեն պարզ կլինի, թե, ըստ էության, մեզնից ինչ են ուզում»,-ասաց նա:

Պաշտպանի խոսքով՝ հաշվի առնելով երկու ապրանքանշանների ոչ ցայտուն նմանությունը դատը շահելու հավանականությունը մեծ է:

«Ցանկացած գործ շահելու շանս միշտ էլ կա, իսկ թե վերջնական արդյունքը ինչպիսի կլինի, դատարանը կքննի եւ համապատասխան վճիռ կկայացնի»,-ասաց փաստաբանը:

Նշենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ա եւ Գ» եւ «Ալեքս Գրիգ» ընկերությունների դեմ դատական հայցը։ Կիպրոսի մայրաքաղաքում գրանցված «Վլակտոր Թրեյդինգ Լիմիթեդ» ընկերությունը, որը «Զելյոնայա մարկա» օղու ապրանքանիշի սեփականատերն է, հայց է ներկայացրել պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությունների դեմ՝ հայտարարելով, որ դրանք նմանակել են իրենց ապրանքանիշը։