Նավթի գների անկումն իր վրա զգացել է ոչ միայն Ռուսաստանը, այլեւ նրա հարեւանները՝ Ղազախստանն ու Ադրբեջանը: Այս երկրների արժույթները՝ տենգեն եւ մանաթը, անցյալ տարի աշխարհում ամենամեծ անկումն են գրանցել: Բայց, այսպես թե այնպես, Ռուսաստանում կտրուկ էժանացած նավթի բացասական հետեւանքներին բախվեցին տարածաշրջանի բոլոր երկրները: Այս մասին գրում է ՌԲԿ-ն:
S&P գործակալության տվյալներով, ԱՊՀ յոթ ինքնիշխան երկրներից երեքի վարկանիշը բացասական կանխատեսում ունի. դրանք Ադրբեջանի, Ղազախստանի եւ Ռուսաստանի վարկանիշներն են: Եվ սրանք տարածաշրջանում բարձր վարկանիշ ունեցող երեք պետություններ են:
2015 թվականին Ադրբեջանն ու Ղազախստանը, Ռուսաստանից հետո, լողացող փոխարժեք սահմանեցին՝ վճարային հաշվեկշռի ուժեղացված ճնշման ֆոնին: Bloomberg-ի տվյալներով, 2015 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2016-ի հունվարի 21-ն ադրբեջանական մանաթը դոլարի հանդեպ 52%-ի անկում է գրանցել, ղազախական տենգեն՝ քիչ ավելի (այս երկու արժույթները 2015 թվականին աշխարհում ամենամեծ անկումը գրանցեցին): 2015 թվականի սկզբից ամենաշատ արժեզրկված երրորդ արժույթը Բելառուսի ռուբլին էր՝ 46%-ի չափով (համեմատության համար. ռուսական ռուբլին դոլարի հանդեպ 30%-ի անկում գրանցեց):
Մանաթի վրա նավթի գների ճնշման հետեւանքով Ադրբեջանի ոսկու պահուստները կրճատվեցին՝ 2014 թվականի օգոստոսի 15.2 մլրդ դոլարից 2015-ի նոյեմբերին հասնելով 6.2 մլրդ դոլարի: Այս մասին գրում է Royal Bank of Scotland-ի փորձագետները: «Չնայած զգալի արժութային միջամտություններին, Ադրբեջանի Կենտրոնական բանկը ստիպված էր 2015 թվականին երկու անգամ՝ փետրվարին եւ դեկտեմբերին, արժեզրկել մանաթը, եւ դոլարի փոխարժեքը արժեզրկումից առաջվա 0.785-ից հասավ 1.635-ի (հունվարի 19-ի դրությամբ)»,- ասվում է բանկի հաշվետվությունում:
Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ծրագրում է սահմանափակել երկրից արտարժույթի դուրսբերումը՝ արտասահմանում անշարժ գույք, հողատարածք, արժեթղթեր կամ ուղղակի ներդրումներ իրականացնելու նպատակով դուրս բերվող գումարից 20%-ի չափով պահումների հաշվին:
Royal Bank of Scotland-ի փորձագետների կարծիքով, Ադրբեջանի ձեռնարկած արժութային վերահսկողության եւ դեպոզիտների լիարժեք ապահովագրման միջոցառումները փոքր-ինչ ուշացած պատասխան են տնտեսական իրավիճակին:
Ըստ S&P-ի, Ադրբեջանի ՀՆԱ-ն 2015 թվականին իրական արտահայտությամբ աճել է 2.5%-ով: 2016 թվականի համար գործակալությունը 2%-ի աճ է կանխատեսում: Ղազախստանի պարագայում այս թվերը կազմում են, համապատասխանաբար, 1 եւ 1.8%: 2017-ին երկրի իրական ՀՆԱ-ն կաճի 3%-ով:
Բելառուսի վրա նավթի գների անկումն ազդում է միանգամից մի քանի առումներով: Մի կողմից՝ այն Ռուսաստան սպառողական ապրանքներ եւ մեքենաշինական արտադրանք է արտահանում, իսկ ռուսական շուկան լավագույն ժամանակները չի ապրում: S&P-ի գնահատմամբ, 2015 թվականին բելառուսական արտահանումն իրական արտահայտությամբ 5%-ի անկում է գրանցել, չնայած 2016-ին, գործակալության վերլուծաբանների կարծիքով, 1%-ով կաճի:
Բելառուսը եւս մեկ խնդիր ունի. պետական պարտքի առաջնահերթություն: Երկրի վճարային հաշվակշիռը լավագույն վիճակում չէ, արժույթն արժեզրկվում է: Ամեն տարի այդ պարտքի մի մասի վերաֆինանսավորման հարցում օգնել է Ռուսաստանը: Օրինակ՝ անցյալ տարի, Բելառուսը 1 մլրդ-ի եվրոբոնդը վերաֆինանսավորեց ռուսական երկարաժամկետ վարկի օգնությամբ: Ռուսաստանի համար դա հսկայական գումար չէ, սակայն հունվարի 18-ին ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը նշեց, որ բյուջեն կարող է «դադար վերցնել նոր վարկերով պարտականություններ ստանձնելու տեսանկյունից», չնայած արդեն ստանձնած բոլոր պարտականությունները Ռուսաստանը կկատարի:
Կան տնտեսություններ, որոնք մեծապես կախված են աշխատանքային միգրանտների եկամուտներից: Այդպիսի երկրներից են Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը:
Համաշխարհայիկն բանկի գնահատմամբ, 2013 թվականին Տաջիկստանի ՀՆԱ-ի 49%-ը բաժին է ընկել դրամական փոխանցումներին, հիմնականում՝ Ռուսաստանից: Հայաստանի պարագայում այդ ցուցանիշը 21% է եղել:
Ռուսաստանի ԿԲ-ի տվյալներով, դրամական փոխանցումների համակարգի միջոցով Ռուսաստանից Տաջիկստան փոխանցումներն անցյալ տարվա երրորդ եռամսյակում, 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել են 73.5%-ով՝ 1.35 մլրդ դոլարից հասնելով շուրջ 358 մլն դոլարի: Իսկ Ռուսաստանից Ուզբեկստան դրամական փոխանցումները 2015թ. երրորդ եռամսյակում, 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 65%-ով: Երեք եռամսյակների հաշվարկով անկումը կազմել է 59%:




























