Ջավախքի Նինոծմինդա քաղաքի տներից մեկի վրա 2016թ. հունվարի 13-ի գիշերը ավազակային հարձակում գործած եւ 70-ամյա կնոջն սպանած անձանց ինքնությունը պարզվել է: Տան վրա հարձակվողները ազգությամբ վրացի Թեմուր Բ.-ն, Նոդար Ա.-ն, Կոբա Շ.-ն, Իվանե Գ.-ն, Քեթեւան Խ. ու Դարիկո Շ.-ն են: Նրանք կալանավորվել են եւ Ախալցխայի շրջանային դատարանում սկսվել է քրեական գործով դատական նիստը:
NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ նախաքննությամբ պարզվել է, որ 2016թ. հունվարի 10-ին Կոբա Շ.-ն հանցագործության նախապատրաստման համար Նոդար Ա.-ի ու Իվանե Գ.-ի հետ հանդիպել են Քեթևան Խ.-ի բնակարանում, որտեղ էլ պլանավորել են ավազակային հարձակումն ու թալանը: Հունվարի 13-ին նրանք մոտեցել են Բագրատ Ս.-ի տանը, խաբեությամբ մտել են տուն եւ տանը եղած երկու կանանցից պահանջել են փող: Դիմադրության արդյունքում Թեմուրը դաժան ծեծել ու դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 70-ամյա Սոնիկ Սահակյանին, որը տեղում մահացել է: Հենց այդ պահին էլ հանցագործները փախչել են դեպքի վայրից:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ 2016թ. հունվարի 13-ին, տանտերը, որի տուն մտել են դիմակավոր անձինք, զբաղվում է տարադրամի փոխանակման բիզնեսով, դեպքի պահին նա տանը չի եղել։




























