Որդու ընկերոջը` 12-ամյա Մարտին Բալյանին, ծեծի ենթարկած 36-ամյա Մխիթար Սարգսյանը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով երեքամսյա ժամկետով ազատազրկման: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Սարգսյանի պաշտպան Դավիթ Մնացականյանը:
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը արագացված դատական կարգով որոշել է Մխիթար Սարգսյանի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի մեջ հաշվակցել 2015 թ. հոկտեմբերի 19-ից դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում` 57 օր կալանքի տակ գտնվելու ժամկետը և վերջնական պատիժ է սահմանվել 1 ամիս 3 օր ժամկետով ազատազրկում:
2015թ. դեկտեմբերի 16-ի որոշմամբ ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, փոխվել է ստորագրությամբ չհեռանալու մասին, որը դատավճռով թողնվել է անփոփոխ:
Մխիթար Սարգսյանը իրեն լիովին մեղավոր է ճանաչել, իսկ տուժող Մարտին Բալյանի օրինական ներկայացուցիչը հայտնել է, որ երեխայի առողջությանը պատճառված վնասը վերականգնելու հետ կապված բոլոր ծախսերը ամբաստանյալը հոգացել է, ուստի նրա դեմ քաղաքացիական հայց չի ներկայացնում, կողմերը հաշտվել են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ որդու ընկերոջը` 12-ամյա Մարտին Բալյանին, ծեծի ենթարկած 36-ամյա Մխիթար Սարգսյանը հոկտեմբերի 19-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ նիստում որոշմամբ երկամսյա ժամկետով կալանավորվել է։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով, այն է՝ դիտավորությամբ եւ առանձին դաժանությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որեւէ այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության տեւական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ. Մարտինը ստացել էր քթի կոտրվածք, գանգուղեղի ցնցում:




























