Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայում ոչ մի արտառոց բան չեն նկատել 16-ամյա ընկերոջը դանակի 14 հարված հասցնելու մեջ մեղադրվող, 1-ին կուրսի ուսանող, 18-ամյա Սուրեն Մուրադյանի պահվածքում:

«Ես ոչ մի արտառոց բան չեմ նկատել, ինքը մյուսների նման եկել, նկարել, գնացել է: Շատ զարմացած եմ կատարվածից, ոչ ագրեսիա եմ տեսել իր մոտ, ոչ մի տարօրինակ բան»,- ասաց նրա դասախոսներից Մեխակ Էլբակյանը:

Մեխակ էլբակյանը նշեց, որ թեեւ Սուրենը քչախոս էր, բայց ընկերներ ուներ, համակուրսեցիների հետ լավ հարաբերությունների մեջ էր:

Հիշեցնենք, որ Սուրեն Մուրադյանը մեղադրվում է ընկերոջ՝ 16-ամյա Խաչիկ Ղազանչյանին դանակի 14 հարված հասցնելու մեջ: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 6-ին: Խաչիկի ծնողների պատմելով՝ Խաչիկը, Սուրենն ու մեկ այլ տղա գնալիս են եղել իրենց ընկերոջ ծննդյան տոնին, երբ Սուրենը բարձր գոռացել է Խաչիկի անունը ու մեջքից դանակի հարվածներ հասցրել նրան: Այնուհետեւ տղային ինչ-որ տաքսու վարորդ բերել է շենքի մոտ, որտեղ նրանց տունն է, հարեւաններից մեկը տեսել է ու տարել հիվանդանոց: Խաչիկի վիճակը ծանր է, մինչեւ հիմա կոմայի մեջ է:

Դանակահարության պատճառը Խաչիկի ծնողների համար անհայտ է: Վարկած է պտտվում, թե Խաչիկը շնորհավորել է Սուրենի Սուրբ Ծնունդը, ինչից նա վրդովվել է: Խաչիկի ծնողների խոսքով՝ Սուրենի վարքում տարօրինակություններ են եղել, նա սասափեցնող դիմակներով շրջել է փողոցում, ընկերները պատմել են, որ Սուրենը իրենց հաճախ տարօրինակ լուսանկարներ է ուղարկել՝ մարդկանց մարմնի կտրտված մասեր, դիակներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 34-104-րդ հոդվածի հատկանիշներով: Սուրեն Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է,  հայտարարվել է հետախուզում։