Կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը NEWS.am-ի հետ զրույցում զարմանքով արձագանքեց կառավարությունում առաջիկայում սպասվող կադրային փոփոխությունների մասին շրջանառվող լուրերին:

«Ես առաջին անգամ եմ լսում, որ գործադիր մարմնում փոփոխություններ են սպասվում:  Ինչ որոշի կուսակցությունը, այդպես էլ կանենք: Բայց էսօր եմ վերադարձել Իրանից, եկել եմ գործադիր մարմնի նիստին ու չգիտեմ` նման քննարկումների մասին»,-ասաց Բեգլարյանը:

Քաղաքական  դաշտում սպասվող վերադասավորումներին, մասնավորապես, ՀՅԴ-ի  հետ սպասվող կոալիցիային Բեգլարյանը նորմալ է վերաբերվում, ասում է`  Հանրապետական կուսակցությունը մշտապես պատրաստ է համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ:

«Եթե կան համապատասխան համագործակցության եզրեր, մենք միշտ պատրաստ ենք»,-նշեց նա:

Մեր հարցին, թե մտավախություն չունի՞, որ այդ համագործակցության համատեքստում կքննարկվի  իր զբաղեցրած նախարարության պորտֆելը կոալիցիոն գործընկերներին հանձնելու հարցը, Բեգլարյանը պատասխանեց.

«Ես այդ հարցին կպատասխանեմ որպես Հանրապետական կուսակցության անդամ. ինչպես կուսակցությունը որոշի, այնպես էլ կանենք»:

Իրան կատարած այցին անդրադառնալով` Բեգլարյանն ուրախությամբ նշեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությանը ինտերնետ մատակարարելու «լավ համաձայնագիր են կնքել»: