Ռուսաստանի Սամարա քաղաքի իրավապահները ձերբակալել են 28-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողին: Խոսքը «Վիվա լենդ» առեւտրի կենտրոնի մոտ տեղի ունեցած դանակահարության մասին է, որի ժամանակ մարդ էր սպանվել:
Կասկածյալը 21-ամյա հայ է, սպանվածի հայրենակիցն ու ծանոթը, ով նույնպես միջադեպի ժամանակ վիրավորվել է:
Նշենք, որ կասկածյալը նախկինում դատապարտված չի եղել, մշտական աշխատանք եւ բնակության վայր չունի, գրում է Progorodsamara-ն:
Մոտ օրերս երիտասարդի նկատմամբ խափանման միջոց կընտրվի եւ մեղադրանք կառաջադրվի «սպանություն» հոդվածի հատկանիշներով:
Հանցագործության գործիք դանակը առգրավվել է: Քննության տվյալներով, վիճաբանությունը, որը հանգեցրել է ողբերգության, կարող էր տեղի ունենալ 3000 ռուբլի պարտքի պատճառով:




























