Հայաստանում հունվարի 2-ին հայտնաբերված եւ ձերբակալված, Բահրեյնի 25-ամյա քաղաքացու հարցն այժմ գտնվում է արդարադատության նախարարությունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Իրականացվում է օրենքով սահմանված կարգով գործընթաց»,- ասաց վարչությունից:
Նշենք, որ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ հունվարի 1-ին ժամը 23:00-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել Բահրեյնի Թագավորության քաղաքացի Ֆադհել Ռ.-ը, որը 2014թ. մայիսի 25-ից Բահրեյնի Թագավորության կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր ԲՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի, 179 հոդվածի, 277/1 հոդվածի, 409/1 հոդվածի, 414/1 հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերի ու 58 հոդվածի մեղադրանքով /սպանության փորձ, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառություն, հասարակական եւ մասնավոր սեփականության վնասում, զանգվածային անկարգություն եւ ահաբեկչություն/:
Ֆադհել Ռ.-ը ձերբակալվել եւ տեղափոխվել է ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁՊՎ:
Հաջորդ օրն իսկ Բահրեյնի Թագավորության Հակակոռուպցիոն, տնտեսական եւ էլեկտրոնային անվտանգության գլխավոր տնօրենը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները ձերբակալել են հետախուզման մեջ գտնվող անձի, որն ահաբեկչական նպատակներով սեփականության վնասման եւ պայթուցիկ նյութերի օգտագործման համար Բահրեյնում դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Պաշտոնյայի խոսքով՝ քայլեր են ձեռնարկվում կալանավորված անձին վերադարձնելու ուղղությամբ:
Մինչդեռ Հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունները խիստ մտահոգված են այս փաստով, քանզի Բահրեյնում խիստ օրենքներ են գործում եւ չի բացառվում, որ արտահանձնելուց հետո նրան մահապատժի ենթարկեն:




























