Գյումրիի կենդանաբանական այգու կենդանիների մասին հոգալու համար քաղաքապետարանը համապատասխան միջոցներ չունի: Այս մասին այսօր` հունվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը` նշելով, որ Գյումրիի կենդանիների հոգածության հարցը լուծելու համար անհրաժեշտ է շուրջ 5 մլն դրամ:
«Քաղաքապետարանը տեղյակ է եղել խնդրին, առաջարկել ենք սեփականատիրոջը մեր օգնությունը կենդանիներին այլ կենդանաբանական այգի տեղափոխելու հարցում, սակայն սեփականատերն անընդհատ ասում էր, որ ինքը դեռ քննարկում է նրանց տեղափոխելու հարցը: Համագործակցել ենք բարեգործական ընկերությունների հետ, որոնք փորձել են օգնել կենդանիների, օգնել ենք ինչով կարողացել ենք»,-ասաց Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցը:
Երեւանում գտնվող կենդանաբույժների համաշխարհային ծառայության (WVS) միջազգային բաժնի ղեկավար Տագմար Մայերը, որը հունվարի 22-ին այցելե է Գյումրիի կենդանաբանական այգի, նշեց, որ կենդանիները սարսափելի վիճակում են եւ նրանց փրկելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանի կենդանապաշտպան կազմակերպությունները համախմբվեն, ինչ-որ տարբերակ առաջարկեն WVS-ի եւ կենդանիներին WVS-ի աջակցությամբ տեղափոխեն այլ երկիր:
«Սարսափելի վիճակ է, բացի կենդանիներին պահվող պայմաններից, կենդանիների առողջական վիճակը նույնպես մտահոգիչ է: Աղեստամոքսային խնդիրներ չունեն, բայց բավականին վերքեր կան նրանց վրա, որոնք անհրաժեշտ է բուժել: Կենդանիները կարիք ունեն նորմալ սնվելու, ջրի կարիք ունեն, նրանք անընդհատ սթրեսի մեջ են պայմանների պատճառով: Այգու արջերից մեկը շուտով կմահանա, եթե չստանա անհրաժեշտ բուժօգնություն, պետք է կենդանիներին տրամադրվի համապատասխան բուժօգնություն, որը պետք է արվեր նաեւ պետության կողմից»,-ասաց Տագմար Մայերը:
«Փրո փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ, Նարե Արամյանն էլ նշեց, որ այդպիսի պայմաններում կենդանաբանական այգու ստեղծումը վկայում է կենդանիների պաշտպանության մասին օրենքի բացի մասին: Նրա խոսքով, օրենսդրական առաջարկներ շատ անգամ են արվել, որոնք այդպես էլ չեն ընդունվել: Ըստ նրա, նման իրավիճակներից խուսափելու համար անհրաժեշտ է կենդանիների նկատմամբ պատասխանատվություն կրելու մասին օրենք ընդունել, որի նախագիծը ներկայացվել է, սակայն այդպես էլ չի ընդունվել:
Նշենք, որ Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամն արդեն դիմել է բնապահպանության նախարարությանը՝ արջերին Ռումինիա տեղափոխելու թույլտվություն ստանալու համար: Թույլտվությունը տրվել է, այժմ տարբեր դրամահավաքներ են կազմակերպվել՝ կենդանիների տեղափոխման հարցը լուծելու համար: Դրա համար գումար են նվիրաբերում մարդիկ Հայաստանից ու աշխարհի տարբեր վայրերից:




























