Դեռեւս քննարկվում է, թե ինչպես կձեւավորվի ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը: Այս մասին այսօր` հունվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը
«Համագործակցության թիվ մեկ կարեւորությունը արտաքին քաղաքականությանը, Ղարաբաղյան հիմնահարցին է վերաբերում: Շատ է խոսվում պորտֆելների մասին, ես ասեմ` մի մարզպետը, նախարարը չեն կարող տնտեսական առումով ինչ-որ բան փոխել: Առաջնայինը տնտեսական քաղաքականության ընդհանրությունն է»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը` նշելով, որ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ամենաշատ ընդհանրություններ ունեցող քաղաքական ուժերն են:
Այնուամենայնիվ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը համոզված է, որ ՀՅԴ-ն իր ոչ մի սկզբունքը չի պաշտպանում, երբ պատրաստվում է կոալիցիա կազմել իշխող կուսակցության հետ:
«Նոր ընդունված Սահմանադրությամբ, հայեցակարգով հաստատվում է, որ մեզ նման տնտեսություն ունեցող երկրում հավասարությունն անհնար է, մինչդեռ Դաշնակցությունն իր ծրագրում խոսում է հավասարության մասին: Այնպես որ շատ մեծ հակասություններ կան: Ցավով եմ նշում, որ Դաշնակցությունն իր սկզբունքներից ոչ մեկի համար չի աշխատում»,- ասաց Հրանուշ Խառատյանը:
Ազգագրագետի համար զարմանալի է, թե ինչու կոալիցիայի վերաբերյալ տեղեկատվությանը չեն արձագանքում Սփյուռքի դաշնակցական կառույցները, շարքային դաշնակցականները:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն արդեն հայտարարել է, որ «սկզբունքորեն» կողմ են կոալիցիա ձեւավորելուն եւ հանդիպում են ունեցել Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Չի բացառվում, որ իշխող կուսակցության հետ կոալիցիա կկազմի նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:




























