Եթե հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցներն ընդունվեն, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ԵԽ-ի միջեւ լարվածություն կառաջանա: Այսօր` հունվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

«Եվրախորհուրդը վերջին ժամանակներում հատկապես ռուս-ուկրաինական հարաբերությունների լարվածության ֆոնին, ակտիվացել է` նման զեկույցներ ընդունելով: Եվրոպական խորհուրդը պետք է իմանար, որ կա մեկ այլ կառույց` ԵԱՀԿ Մինսկի խումբը, որին հենց վերապահված է Ղարաբաղյան հարցի կարգավորումը»,- ասաց Գագիկ Մելիքյանը` չբացառելով, որ զեկույցների ընդունման դեպքում այս երկու կառույցների հարաբերությունները կլարվեն:

Նշենք, որ հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում քվեարկության կդրվեն «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերտառությամբ հակահայկական զեկույցները: