Արմավիրի մարզում դաբաղի հիվանդությունից կենդանիների անկում չի գրանցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը:

«Դեկտեմբերին կենդանիների դաբաղ հիվանդության դեպքեր գրանցվել էին Գրիբոյեդով եւ Ապագա համայնքներում, սակայն իրավիճակը նորմալ է, կենդանիները համապատասխան բուժում են ստանում»,- ասաց Արթուր Այվազյանը:

Նշենք, որ ըստ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը հունվարի 20-ից ժամանակավոր արգելք է մտցրել դաբաղ հիվանդությանն ընկալունակ կենդանի կենդանիների՝ խոզերի, խոշոր և մանր կենդանիների, դրանց գենետիկ նյութի և մսի, վերամշակում չանցած ենթամթերքի, ինչպես նաև ջերմային մշակում չանցած կաթ-կաթնամթերքի ու տվյալ կենդանիների հումքի՝ Հայաստանից Ռուսաստան ներմուծման համար:

Դեկտեմբերին Արմավիրի մարզի ՝ Թուրքիային սահմանակից գյուղերից մեկում գրանցվել է կենդանիների դաբաղ հիվանդության մեկ դեպք, որի մասին էլ Հայաստանը, որպես Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անդամ, տեղյակ է պահել կառույցին, ինչպես նաև ԵԱՏՄ գործընկերներին:

Ծառայության փոխանցմամբ, նոր տիպի դեմ պայքարող պատվաստանյութն արդեն պատվիրվել է ողջ տարվա համար:

Ռուսական ՏԱՍՍ գործակալությունն էլ հայտնում է, որ «Ռոսսելխոզնադզորը» հունվարի 20-ից ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից մի շարք գյուղատնտեսական ապրանքների ներկրումը Հայաստան՝ բացատրելով դա դաբաղի համաճարակային իրավիճակով ու այդ հիվանդության՝ ՌԴ տարածք ներխուժելու բարձր հավանականությամբ: