Նավթի գների, ինչպես նաեւ ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսաստանյան ռուբլու ներկայիս տատանումները հաճախ ներկայացվում են որպես սենսացիա, որը կարող է փոփոխել այդ ոլորտում իրադարձությունների ընթացքը: Սակայն երկարաժամկետ միտումներն են հստակորեն ի ցույց դնում իրական միտումները:
Հունվարի 22-ի դրությամբ, ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ ռուսաստանյան ռուբլու փոխարժեքը երկու տարվա ընթացքում թուլացել է գրեթե 2,5 անգամ, իսկ հյուսիսծովյան Brent նավթն էժանացել է 3.5 անգամ: Հիշեցնենք, որ ռուսական արտահանվող Urals նավթի գինը սովորաբար որոշվում է Brent-ի նկատմամբ դիսկոնտով (զեղչով): Նախկինում այդ դիսկոնտը 1 դոլար էր կազմում, այժմ` 2 դոլար:
Ռուսաստանի ընթացիկ տարվա դաշնային բյուջեում Urals նավթի մեկ բարելն արժե 50 դոլար: Այդ պատճառով, բյուջեի եկամտային մասի իրականացման համար Brent-ի գինն առնվազն պիտի լինի մեկ բարելի դիմաց 52 դոլարի մակարդակում: Այդտեղից պետք է եզրակացնել. նավթի գների Ռուսաստանի համար ծայրաստիճան անբարենպաստ մակարդակն արդեն «ձեռք է բերվել», եւ մի քանի տոկոսի կոնյուկտուրային թանկացումը գործնականում ոչինչ չի փոխում:
«Սենսացիայի» ֆոնին երկրորդ պլան է մղվում ավելի կարեւոր տեղեկությունը: Օրինակ` ՄԱԿ-ի համաժողովի վերջերս ներկայացրած զեկույցը առեւտրի եւ զարգացման վերաբերյալ (UNCTAD): Այս տեղեկության համաձայն, անցյալ տարի Ռուսաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը բառացիորեն փլուզվել է, անկումը հսկայական 92 տոկոս է կազմել: Այդ գործոնն իհարկե լուրջ հետեւանքներ կունենա մեր հյուսիսային հարեւանի տնտեսության համար: Այդտեղից էլ` նաեւ մեր երկրի:
Ռուսական ռուբլու զգալի թուլացումն արդեն հանգեցրել է այդ երկրում ներկրված ապրանքների թանկացման: Այդ թվում` Հայաստանից արտահանվող: Մինչճգնաժամային 2013 թվին մեր արտահանման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը գերազանցում էր մեկ քառորդը` 27 տոկոսը: Ընդ որում, արտահանման գրեթե կեսը (մոտ 46 տոկոս) այդ երկրում ապահովում էին սպիրտային թունդ խմիչքները եւ մասնավորապես` կոնյակը:
Կոնյակի արտահանման դերի վերաբերյալ ընդամենը մի օրինակ բերենք: Նույն` 2013 թվին Երեւանի կոնյակի գործարանը, իր արտադրանքի զգալի մասի արտահանման շնորհիվ, 20-րդ տեղն էր զբաղեցնում Հայաստանի խոշորագույն հարկատուների ցուցակում: Ներկայումս Ռուսաստանում իրացման դանդաղման հետեւանքով գործերն այդ ոլորտում նկատելիորեն վատացել են: Մեր երկրի համար այլ` ավելի ծանր խնդիրները կապված են Ռուսաստանից մասնավոր տրանսֆերտների նվազման հետ: Այդ ոլորտում փոփոխությունները ակնհայտորեն երեւում են ստորոբերյալ գրաֆիկից:
Սմբատ Գրիգորյան




























