«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ կիրակի օրը միջադեպ է տեղի ունեցել Հայ ազգային կոնգրեսի սեպտեմբերի 17-ի հանրահավաքի իրազեկումն իրականացնող ՀԱԿ երիտասարդների եւ «Գում»-ի շուկայի անվտանգության աշխատակիցների միջեւ: Երբ երիտասարդները շուկայի տարածքում բաժանելիս են եղել հանրահավաքի մասին իրազեկման թռուցիկները, վրա են հասել շուկայի անվտանգության աշխատակցի համազգեստ կրող մոտ մեկ տասնյակ սափրագլուխներ ու հարձակվել երիտասարդների վրա՝ պահանջելով շուկայի տարածքում թռուցիկներ չբաժանել:

Ինչպես հայտնի է՝ որպես այդ շուկայի սեփականատեր նշվում է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի անունը: Բեգլարյանի սափրագլուխները երիտասարդների հետ վեճ հրահրելուց հետո փորձել են նաեւ խանգարել իրազեկման գործընթացը լուսաբանող լրագրողի աշխատանքը՝ սպառնալով իրենց նկարելու դեպքում ֆոտոխցիկը վերցնել: «Մեզ հրավիրեցին տնօրինության սենյակ, մենք չգնացինք: Փորձում էին համոզել, որ այդ տարածքում չի կարելի թռուցիկներ եւ թերթոն տարածել, ու մենք պետք է իրենցից հարցնենք ինչ-որ բան  տարածելուց առաջ: Զրուցեցինք, իրենք հասկացան, որ իրազեկված հանրահավաք է եւ այլն, հետո իրենք մեծ ցանկություն հայտնեցին ներկա գտնվել մեր հանրահավաքին»,-թերթին հայտնել է ՀԱԿ ակտիվիստներից մեկը՝  Սարգիս Գեւորգյանը: