Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հորդորում է իր զբաղեցրած պաշտոնի ճակատագրի մասին հարցերն ուղղել Դաշնակցությանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երիցյանը։
«Ես ունեմ նախարարություն եւ իմ առջեւ դրված խնդիրները կատարում եմ, Դաշնակներին հարցրեք, եթե դաշնակներն են իմ պաշտոնը պահանջում»,-ասաց Արմեն Երիցյանը։
Շրջանառվող լուրերի համաձայն` ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու դիմաց Դաշնակցությունը պահանջում է նաեւ այս նախարարության պորտֆելը։ ՀՅԴ-ն այս գերատեսչությանը հավակնում է` որպես ուժային կառույցի: Ըստ ՀՅԴ աղբյուրների` այս անգամ հակված չեն սոցիալական բնույթի նախարարությունների: Ավելի շատ բանակցում են մեծ ազդեցության լծակներ ունեցող ոլորտների շուրջ: ՀՀԿ-ական շրջանակներից էլ պնդում են, որ պորտֆելների շուրջ բանակցությունները ավելի երկար կտեւեն, քանի որ Դաշնակցության հավակնությունները մեծացել են, իսկ իշխանությունը չի պատրաստվում տուրք տալ դրանց ամբողջությամբ:




























