Հայ Առաքելական եկեղեցու համար ընդունելի չէ հայ երիտասարդության շրջանում օտարածին Սուրբ Վալենտինի տոնը նշելու սովորությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորագավթի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վարդան քահանա Գափոյանը:
Տեր Վարդան քահանա Գափոյանի խոսքով`նախընտրելի է տոնել մեր ազգային եկեղեցական, Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը:
«Սուրբ Սարգիսը Աստծո կողմից օրհնված երիտասարդների սիրո ու միության օրն է, իսկ Սուրբ Վալենտինը իր մեջ ազատություն եւ ուրիշ բարքեր է ներառում, որ հայերիս գաղափարներին հակասում են եւ ընդունելի չեն»,-ասաց տեր Վարդան քահանա Գափոյանը:
Ըստ քահանա Գափոյանի`Սուրբ Սարգսի տոնի փոխարեն Սուրբ Վալենտինի տոնը նշելը ոչ հայրենասիրության եւ այլ` մեր ազգին ոչ հարիր գաղափարախոսության որդեգրումն է, ինչը սխալ է:
Անդրադառնալով աղի բլիթ ուտելու սովորույթին`հոգեւոր հովիվը նշեց, որ այն եկեղեցակրոնական ծագում չունի, այլ ժողովրդական հետաքրքիր ավանդույթ է:
«Խորհուրդն այստեղ աղոթքն է, ոչ թե աղի բլիթի զորությունը, աղոթքին ապավինելը, Աստծուն խնդրելը, միգուցե եւ աղի բլիթը օգնող հանգամանք է, որպեսզի անպայման երազում ջուր տեսնեն, եւ շատերը իսկապես տեսել են եւ հասել են իրենց կեսին»,-նշեց տեր Վարդան քահանա Գափոյանը:




























