Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հրաժարվելն ինքնասպանություն կլիներ: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Նրա խոսքով, որքան էլ ԵՏՄ-ն կայացման փուլում լինի, այդուհանդերձ, ԵՏՄ-ին այլընտրանք չկա, որպես հետխորհրդային տարածքում տարածաշրջանային տնտեսական համագործակցության կառույցի օրինակ:
«Այլընտրանք չկա նաեւ Հայաստանի համար, քանի որ մեզ անընդհատ փորձել են մեկուսացնել ցանկացած ինտեգրացիոն նախագծերից»,-ընդգծել է Թաթուլ Մանասերյանը:
Նրա խոսքով, 2015 թվականը դժվարությունների ու փորձությունների տարի էր: «Ռիսկերից գլխավորն այն է, որ ԵՏՄ բոլոր երկրներում գերարժեզրկում է տեղի ունեցել: Ռուսական ռուբլին նվազել է մոտ 100 տոկոսով, ղազախական թենգեն՝ մոտ 90 տոկոսով, ինչը կախված է այդ երկրների՝ ածխաջրածիններից կախվածությունից: Այդ երկրները պետք է դիվերսիֆիկացնեն իրենց տնտեսությունը»,-նշել է Մանասերյանը:
Տնտեսագետը հավելել է, որ 2016 թվականը բարդ ու փորձություններով լի տարի է լինելու, որը սակայն կարեւոր հնարավորությունների տարի է լինելու Հայաստանի, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանի համար:




























