Անցած տարվա դեկտեմբերի 9-ին ինքնասպանության փորձ կատարած ժամկետային զինծառայող Ռազմիկ Աբրահամյանը դեռեւս շարունակում է բուժումը ՀՀ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց զինծառայողի հայրը՝ Նվեր Աբրահամյանը:
«Մոտ երկու շաբաթ էլ կպառկի հիվանդանոցում, որից հետո պարզ կդառնա՝ կշարունակի ծառայությունը, թե ոչ»,- ասաց Նվեր Աբրահամյանը:
Ինքնասպանության փորձ կատարած զինծառայողի հայրը հավաստիացրեց, որ որդին իրեն դրդապատճառների մասին ոչինչ չի ասել, կարեւորն իրենց համար Ռազմիկի ապաքինումն է:
«Ես բողոք էլ չունեմ, կարեւորը երեխաս նորմալ վիճակի ա, ի՞նչ բողոքեմ»,- ասաց Նվեր Աբրահամյանը:
Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2015 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ N զորամասից ժամը 12:15-ի սահմաններում կրծքավանդակի ձախ հատվածի հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռազմիկ Նվերի Աբրահամյանը: Նույն օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ռ.Աբրահամյանը տեղափոխվել է «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ, այնուհետեւ՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, պարտադիր ժամկետային զինծառայողներ Ա. Կարապետյանը, Ս. Մելքոնյանը եւ Վ. Տեր-Վարդանյանը կալանավորված են:
Զինծառայողը նամակ է թողել հորը՝ հայտնելով, որ ինքնասպանության է դիմում համածառայակիցների պատճառով:



























