Պրիմորիեի երկրամասի սաֆարի այգու աշխատակիցները մտահոգություն ունեն, որ Ամուր վագրը կարող է մոռացած լինել իր ընկեր Տիմուր այծի հոտը, եւ նրա վերադարձից հետո կարող է վնասել այծին։ Որոշում է կայացվել Տիմուրի ապաքինումից հետո նրան չվերադարձնել Ամուրի վանդակ, այլ տեղավորել նրա կողքի արգելավանդակում, որպեսզի կենդանիները կարողանան շփվել ճաղերի տարբեր կողմերում եւ նորից վարժվեն իրար։

Նշենք, որ Տիմուր այծն արդեն մեկ շաբաթ է՝ բուժվում է վագրի հարձակումից հետո։ Միջադեպը տեղի էր ունեցել հունվարի 26-ին, երբ այծը փորձել էր պոզահարել վագրին, փոխանցում է Lifenews-ը։

«Նա ապաքինվում է։ Հիմա մենք թերապեւտիկ միջոցառումներ ենք ձեռնարկում՝ ցավազրկում, հակաբիոտիկների նշանակում եւ այլն»,- ասել է կենդանաբանական այգու անասնաբույժ Ալեքսեյ Անոսովը։

Հաղորդվում է, որ Տիմուր այծը անասնաբուժական կետում կմնա եւս մի քանի օր։

Լիակատար ապաքինումից հետո նրան կտեղավորեն Ամուրի վանդակի հարեւանությամբ։