2015թ. հունվարից Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչը բխում է Հայաստանի ռազմավարական շահերից, նոր հնարավորություններ է բացում երկրի տնտեսական զարգացման համար` այդ ինտեգրացիոն ձեւաչափում բարենպաստ պայմաններ ստեղծելով ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժման տեսանկյունից։ Այս մասին նշված է Հայաստանի ԱԳՆ 2015 թվականի տարեկան հաշվետվության մեջ:
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոկտեմբերին ընդունված որոշման համաձայն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան 2016 թ. փետրվարից չորս տարի ժամկետով կնախագահի Հայաստանի կողմից առաջադրված Տիգրան Սարգսյանը:
«2015թ. սեպտեմբերին Հայաստանը ստանձնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագահությունը՝ շարունակելով հանդես գալ այդ կառույցում որպես նախաձեռնող եւ ակտիվ մասնակից։ Մոսկվայում դեկտեմբերի 21ին Հայաստանի Հանրապետության ղեկավարի նախագահությամբ կայացել է Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Կառույցում Հայաստանի նախագահության ընթացքում՝ սեպտեմբերին Նյու Յորքում, իսկ դեկտեմբերին Բելգրադում տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպումները՝ նվիրված արտաքին քաղաքականության համադրման հարցերին»,-ասված է հաշվետվության մեջ:
Նշվել է նաեւ, որ Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային, ռազմավարական գործընկերության ամրապնդումը շարունակել է առանցքային տեղ զբաղեցնել ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում:
Երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում ՀՀ եւ ՌԴ նախագահները մոտ մեկ տասնյակ հանդիպում են մեկ տասնյակից ավելի հանդիպումներ են ունեցել, որոնց արդյունքներով ձեռք են բերվել ռազմավարական նշանակություն ունեցող պայմանավորվածություններ քաղաքական, առեւտրատնտեսական, ռազմատեխնիկական, էներգետիկ, գիտակրթական, մշակութային եւ այլ ոլորտներում:
Տարվա ընթացքում շարունակվել են ինտենսիվ փոխայցելություններն ու հանդիպումները խորհրդարանների ղեկավարների, վարչապետների, արտգործնախարարների, ճյուղային գերատեսչությունների ղեկավարների մակարդակներով։
Տեղի են ունեցել միջկառավարական, միջխորհրդարանական, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովների նիստերը, Երեւանում կայացել է Հայռուսական չորրորդ միջտարածաշրջանային համաժողովը։




























