Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն արձագանքել է հուլիսի 27-ին Տավուշի մարզի Մեհրաբ զորամասում, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան եղած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մոր` Հասմիկ Հովհաննիսյանի իրեն ուղղված բաց նամակին: Lragir.am-ը ներկայացրել է նախարարի պատասխանն ամբողջությամբ.

«Հարգելի տիկին Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հղած բաց նամակում Դուք կասկածի տակ եք առել Ձեր որդու` թիվ 21127 զորամասում  հուլիսի 27-ին մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մահվան պաշտոնական վարկածը` մատնանշելով նրան ինքնասպանության հասցնելու փաստի առիթով հարուցված քրեական գործի քննության` թերություններով ընթացքը:

Խորապես կիսելով Ձեր որդու կորստյան վիշտը` հայտնում եմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով  հարուցված քրեական գործով, ՀՀ  քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով  նախատեսված հանցագործության հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել թիվ 21127 զորամասի 1-ին գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով մեղադրանքներ են առաջադրվել նույն զորամասի զինծառայողներ, շարքայիններ Մխիթար Մխիթարյանին, Ադիբեկ Հովհաննիսյանին եւ Հարութիկ Կիրակոսյանին եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տիկին Հովհաննիսյան, քրեական գործի նախաքննության կատարումը սեպտեմբերի 4-ին հանձնարարվել է ՀՀ Պն քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննչական բաժին: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, եւ վստահեցնում եմ, որ այն ի սկզբանե գտնվել է իմ անմիջական հսկողության ներքո: Հրահանգված է ամենայն  մանրամասնությամբ վերլուծել կատարվածը` մեղավորներին արժանի պատժի ենթարկելու եւ նման երեւույթները բացառելու համար:

Ձեզ մտահոգող բոլոր հարցերի շուրջ պատրաստ եմ հանդիպել եւ առանձնազրույց ունենալ Ձեզ հետ: Նախաքննությանն առնչվող հարցերին իմ ներկայությամբ Ձեզ կպատասխանի ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետը»:

Հիշեցնենք, որ Արտակի հարազատները չեն հավատում ինքնսպանության վարկածին եւ համարում են, որ իրենց որդուն սպանել են: