Ամեն տարի մարտի 2-ին աշխարհում նշում են ամենաարտասովոր տոներից մեկը՝ Լուցկու միջազգային օրը: Տարբեր տեսակետներ կան այն մասին, թե ինչու է հենց մարտի 2-ը ընտրվել այդ Օրվա համար: Սակայն բոլորը համամիտ են այն հարցում, որ տասնյամյակներ շարունակ լուցկին եղել է մարդու կյանքի անփոխարինելի իրերից ու կարեւորագույն բաղկացուցիչներից մեկը: Չնայած այսօր էլ այն վերջին դերը չի կատարում մեր ամաենօրյա կյանքում, որպես կրակ այրելու ամենահարմար ու էժան միջոց: Լուցկին վառվող նյութից՝ հիմնականում փայտից պատրաստված չոփիկ է, որի ծայրին բռնկվող գլխիկ կա, ինչի շնորհիվ էլ հենց հնարավոր է կրակ ստանալ: Եվ հիմա՝ լուցկու հատիկը տուփին քսելիս մենք նույնիսկ չենք էլ մտածում այդ հարմար ու զարմանալի գյուտի պատմության մասին:

Մինչդեռ հին ժամանակներում կրակ վառելը բավականին բարդ գործ էր՝ այն ստանում էին շփման կամ հարվածելու միջոցով: Եվ նույնիսկ հրահանի գյուտից հետո, որը միջին դարերում համատարած կիրառում ուներ, կրակ այրելը բավականաչափ ջանքեր ու որոշակի հմտություն էր պահանջում, քանի որ կայծով կրակ ստանալը բավականին բարդ ու տհաճ գործ էր: Եվ միայն դրանից հետո ինչ -որ մեկի մտքով անցավ չոր տաշեղի ծայրը թաթախել նախապես հալեցված ծծումբի մեջ: Այդ ծծումբոտ ծայրը հետո պետք էր սեղմել աբեթին ու այն միանգամից կբոցավառվեր, ինչից նաեւ ամբողջ տաշեղն էր սկսում վառվել: Այդպես հայտնվեց առաջին լուցկին, որն էլ հենց գրավեց քիմիկոսների ուշադրությունը. նրանցից շատերը զբաղվում էին դրա կատարելագործումով՝ փորձելով այն ավելի հարմարավետ ու անվտանգ դարձնել, հայտնում է Calend-ը:

Լուցկու կատարելագործման հարցում ամենամեծ առաջընթացն ապահովեց ֆոսֆորի բացահայտումը: Գերմանացի գիտնական Ա. Գանկվիցը հասկացավ, որ կարելի է պատրաստել ծծումբի ծածկույթով լուցկու չոփիկներ, որոնք բոցավառվում էին ֆոսֆորի կտորին շփվելիս: Իսկ դրանք լայն գործածման համար հարմարավետ դարձնելը հնարավոր եղավ, երբ 18-րդ դարում ֆրանսիացի քիմիկոս Կ. Բերտոլլեն հայտնաբերեց կալիումի քլորատը ( որն առավել հայտնի է որպես բերտոլյան աղ): Հենց Բերտոլեն է ապացուցել, որ բոց կարող է առաջանալ նաեւ մեկ այլ քիմիական ռեակցիայի արդյունքում, եթե ծծմբաթթուն կաթացնես բերտոլյան աղի վրա: