Լյուդմիլա Ավակովնա Պետրոսյան-Դորոշենկոն Հայաստանի համար բացառիկ մասնագիտություն ունի. նա 30 տարի վերամբարձ կռունկի կռունկավար է աշխատել: Իր երբեմն բարդ կյանքի մասին նա համաձայնեց պատմել NEWS.am-ի ընթերցողներին:
Լյուդմիլա Ավակովնան կամ Լյուդա մորաքույրը, ինչպես նրան կոչում են հարեւանները, ծնվել է 1937-ին` Ալավերդու շրջանի բանվորական Շամլուղ գյուղում: Ընտանիքում չորս երեխա կար` երկու տղա եւ երկու աղջիկ:
Այնպես ստացվեց, որ դպրոցն ավարտելու պահին աղջիկը գործնականում մնացել էր առանց ծնողական խնամքի: Կիրովականում չհաջողվեց աշխատանքի անցնել:
«Եվ այդ ժամանակ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում աչքովս ընկավ մի հոդված այն մասին, որ Վլադիվոստոկում ` խոպան հողերի վրա աշխատուժի կարիք կա: Ես մտածեցի եւ որոշում կայացրի: Վերջին գումարով նոր շրթհարմոն գնեցի եւ նստեցի գնացք: Հարազատներիցս գաղտնի գնացի», - պատմում է Լյուդմիլա Ավակովնան: Իմիջիայլոց, աղջիկն ինքն է սովորել շրթհարմոն նվագել` լսողությամբ մեղեդիներ ընտրելով: Առաջին երգը եղել է «Սուլիկոն»:

Այդ ժամանակ Հայաստանից Վլադիվոստոկ հասնելը կարճ ճանապարհ չէր, մոտ 14 օր գնում էին ընդհանուր վագոնում. «Ինձ մոտ սննդի փող չէր մնացել, որովհետեւ մեկնելու գումարի 50 ռուբլուց 48-ը ծախսել էի շրթհարմոնի վրա, եւ 2 ռուբլով ճամփա էի ընկել: Փողը վերջացավ ավելի շուտ, քան կհասնեինք Թբիլիսի: Եվ ահա իմ երկու թիկնապահի` կիրովականցի տղաների հետ բարձրացա վագոնի տանիք, եւ երգեր էինք սովորում, որ երեկոյան վագոնում զվարճացնեինք ճանապարհակիցներին: Ոտքներս կախում էինք տանիքից, իսկ մեր գլխավերեւում շոգեքարշի ծխնելույզի ծուխն էր: Բայց շուտով բոլորը կռահեցին, որ իմ փողը վերջացել է ու սկսեցին օգնել»:
Մեկնելիս Լյուդմիլա Ավակովնան հորը նամակ է ուղարկել` բացատրելով, որ մեկնում է Վլադիվոստոկ` շինարարության վրա աշխատելու, որպես հասցե թողնելով «Վլադիվոստոկ, ցպահանջ»: «Վլադիվոստոկում բառացիորեն տեղ հասնելու օրը ես վազեցի փոստ, եւ այնտեղ ինձ արդեն սպասում էր հորս պատասխանը: Ի զարմանս ինձ, հայրս ինձ գովում էր: Նա կոմունիստ էր, եւ պատասխանը շատ վեհ էր հնչում: Հայրս գրում էր, որ հպարտանում է ինձնով», - ժպտում է Լյուդմիլա Ավակովնան:
Հայկական գյուղից եկած աղջիկը Վլադիվոստոկում քարագործի մասնագիտությունն ընտրեց: «Շուտով մեզ ուղարկեցին բերք հավաքելու: Ես շրթհարմոնը չվերցրի, որ աչքի չընկնեմ: Իսկ երեկոները, մինչ մյուսները վազում էին պարերի, ես տանը կարոտում էի իմ շրթհարմոնին: Եվ մի անգամ լսում եմ, թե հարեւան բակում երեխան ինչպես է տանջում շրթհարմոնը: Ես վերցրեցի ու սկսեցի նվագել: Իսկ նույն օրվա երեկոյան գյուղում լույսն անջատեցին եւ պարեր չկային: Եվ ահա աղջիկներն ու տղաները հիասթափված վերադառնում էին չկայացած պարերից, ու մեկ էլ` հեռվում շրթհարմոն են նվագում: Նրանք ձայն չհանեցին: Ես ամաչեցի ու թաքնվեցի սենյակում, տանտիրուհին ինձ ուժով քարշ տվեց դուրս եւ ասաց` ինչո՞ւ չէիր ասում, որ շրթհարմոն նվագել գիտես: Պարերը մինչեւ առավոտ տեւեցին»: Նույն երեկոյան Լյուդմիլա Ավակովնան ծանոթացավ իր ապագա ամուսնու` Պյոտր Դորոշենկոյի հետ: «Նա էլ տնակյաց էր: Ընկերները բերեցին, որ տեսնի աղջկան, որը խիզախորեն շրթհարմոն է նվագում: Նա ինձ ավելի լավ ուսումնասիրելու համար ձեւացրեց, թե ընկերոջ ծխախոտն է կպցնում, լուցկին իմ կողքով տարավ: Իսկ ես ցածրահասակ էի, նիհար, հյուսերով», - ծիծաղում է Լյուդմիլա Ավակովնան: Պյոտրը մի քանի ամիս սիրահետել է ապագա կնոջը:
Ամուսնու հետ, որը հետագայում կետորսական նավում հարպուն նետող դարձավ, Լյուդմիլա Ավակովնան ավելի քան չորս տասնամյակ է ապրել: Կյանքում ինչ ասես, տեսել է` եւ լավը, եւ ոչ այնքան: Ամուսնությունից 8 տարի անց Լյուդմիլա Ավակովնան որոշում կայացրեց տղայի` Էդուարդի հետ Հայաստան վերադառնալ: Զույգը վերամիավորվեց 12 տարի անց:
Հայաստան գալով` Լյուդմիլա Ավակովնան նախ իր մասնագիտությամբ աշխատանք գտավ, իսկ հետո յուրացրեց կռունկավարի աշխատանքը: «Վերեւում գեղեցիկ է, չար մարդկանցից էլ` հեռու», - նկատում է Լյուդա մորաքույրը:

Լյուդմիլա Ավակովնան 30 տարի կռունկավար է աշխատել: Այս մասնագիտությունը սովորեց նաեւ Պյոտր Դորոշենկոն` Հայաստան գալով: «150 աստիճան: Վայրկյանների ընթացքում վեր էի թռչում ու վայրկյանների ընթացքում ցած էի սլանում: Եթե թեկուզ մի անգամ սխալվեի, կջախջախվեի», - ժպիտով հիշում է Լյուդմիլա Ավակովնան. «Վեր էի բարձրանում «Չկա ինձի նման» երգով): Եվ աշխատում էի ավելին, քան պետք էր` եւ կիրակի օրերը, եւ մարտի 8-ին: Այ սա մարտի 8-ի լուսանկար է, թղթակիցը բարձրացել է կառուցվող շենքի 15-րդ հարկ: Ես մոտեցա պատշգամբին եւ խցիկից ցատկեցի պատշգամբ: Հետին պլանում հենց իմ կռունկն է: Հետո հետ ցատկեցի եւ նրան օգնեցի գալ: Ժամանակը սեղմում էր, առանց այն էլ, մինչ լուսանկարվում էի, ժամանակ կորցրեցի, իսկ շինարարությունը հո չի կանգնում: Ես հընթացս գործի գցեցի, խցիկը ճոճվեց, տեսնեմ` թղթակիցը գույնը գցած նստած է»:

«Մի դեպք եղավ, երբ քամին կռունկը տեղից պոկեց: Կռունկը քշեց, իսկ այնտեղ` ռելսերի վրա վերջում փական կա, հետո եւս մի քանի մետր ռելս եւ վերջ: Արագությամբ սլանալով` փականը կկոտրեր, կանցներ ռելսերով եւ կշրջվեր: Ես վերեւից գոռում եմ, որ տախտակներ դնեն, ինձ չեն լսում, շփոթվել են: Կռունկը թռչում է, ահա ռելսերից դուրս կգա: Ես վազքով հասցրեցի իջնել, տախտակներ դնել: Կռունկը ճզմեց տախտակները, թեքվեց, բայց մնաց: Հետո երկու բուլդոզերով վերադարձնում էին իր տեղը: Կռունկների վրա մի քանի անգամ վթար եմ ունեցել: Մի անգամ բլոկը պոկվեց սլաքից, եւ պարանը, որով ութ տոննայանոց բեռներ էին բարձրացնում, հարվածեց խցիկին, քիչ էր մնում` մեջտեղից կիսեր: Մյուս անգամ բեռը պոկվեց: Նման դեպքերում կռունկը կարող է շրջվել», - ասում է Լյուդմիլա Ավակովնան: Նա Երեւանում բազմաթիվ բարձրահարկերի շինարարությանն է մասնակցել: Շարժումների թեթեւության եւ արագության համար Լյուդմիլային «ծիտիկ» էին կոչում:
«Որդուս քնեցնելիս նրա համար շրթհարմոն եւ ակորդեոն էի նվագում` վալսեր, տանգո, ֆոքստրոտներ: Երբեմն այնքան էի տարվում, որ տղաս արդեն վաղուց քնած էր լինում, իսկ ես դեռ նվագում էի եւ երգում», - պատմում է Լյուդա մորաքույրը:

Այժմ որդին` Էդուարդը, որի մոտ 25 տարեկանում լավ ձայն են հայտնաբերել, ընտանիքի հետ Իսպանիայում է ապրում, Վալենսիայում երաժշտական դպրոց է ղեկավարում: Թոռնուհին` Մարինան եւս երգում է:
Թոշակի անցնելով` աշխատանքի վետերան, սոցմրցության հաղթող Լյուդմիլա Ավակովնա Պետրոսյան-Դորոշենկոն այժմ էլ է շրթհարմոն նվագում, ազգականներին եւ հարեւաններին օգնում է մեծացնել երեխաներին, հոգ է տանում սքանչելի տնամերձին, իսկ լավ մարզավիճակը պահպանելու համար պարանով ցատկում է:




























