Ճապոնիայի խանութներում գողության դեպքերի շուրջ 35%-ը կատարում են 60-ն անց անձինք: Այս մասին գրում է Financial Times-ը:
Նրանց 40%-ը գողություն է կատարում ավելի քան 6 անգամ: Այս հանգամանքից ելնելով՝ պարբերականը ենթադրում է, որ տարեցները ցանկանում են, որպեսզի իրենց բռնեն:
Տոկիոյի NLI Research Institute-ի վերլուծաբան Ակիո Դոտեուչին նշել է. «Տարեց ճապոնացիների շուրջ 40%-ը միայնակ է ապրում: Նրանք դուրս են գալիս բանտից, եւ ո՛չ դրամ ունեն, ո՛չ ընտանիք: Այդ պատճառով անմիջապես նորից օրենք են խախտում»:
Custom Products Research-ի հետազոտությունում նշվում է, որ տարեցները նախընտրում են բանտ գնալ, որը նրանց ապահովում է անվճար սննդով եւ բուժսպասարկմամբ: Իսկ 200 իեն արժողությամբ սենդվիչի գողությունն այս երկրում կարող է 2 տարի ժամկետով ազատազրկմամբ պատժվել, այդ ընթացքում պետությունը, սակայն, 4.8 մլն իեն է ծախսում:



























