Վերջերս մենք էական փոփոխություններ ենք մտցրել մեր Սահմանադրության մեջ: Այս առումով գալիք մեկուկես-երկու տարիները խիստ կարեւոր են լինելու, քանի որ մեր պետությունը համակարգային փոփոխություն է ապրում: Այս մասին, մարտի 29-ին, Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում իր ելույթի ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը վստահ է, որ այդ աշխատանքը լինելու է արգասաբեր եւ տեսանելի մեր ժողովրդի համար: «Դրա գրավականը ոչ միայն մեր քաղաքական կամքն է, այլեւ Հայաստանի քաղաքացին՝ նախաձեռնող, ձգտող, հայրենիքին նվիրված: Դրա գրավականն է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու դրսեւորած կամքը: Մենք բոլորս այդ ձեռնարկի համասեփականատերերն ենք:

Այս տարի Հայաստանի Հանրապետությունը թեւակոխել է իր անկախության քառորդ դարը՝ անցնելով զարգացման բարդ եւ դժվարին ճանապարհ: Մեր պետականաշինության գործընթացը զուգորդվել է ավերիչ երկրաշարժով, հարեւանների կողմից մեզ պարտադրված պատերազմով եւ շրջափակումով, տարածաշրջանային վայրիվերումներով: Այս ամենը՝ մեր ոչ հարուստ բնական ռեսուրսների հետ մեկտեղ, սահմանափակել են մեր երկրի զարգացման հեռանկարները:

Սակայն դրանք նաեւ հնարավորություն են ընձեռել ժողովրդավարական համակարգի եւ գիտելիքահենք տնտեսության վրա խարսխված պետություն կառուցելու համար:

Դժվարությունները, այո´, ստեղծել են խոչընդոտներ, բայց չեն կասեցրել մեր առաջընթացը, չեն կոտրել իր երազած հայրենիքը կերտելու հայ ժողովրդի կամքը: Մեր հարեւանները, այո´, փակել են մեր տարածքային սահմանները, բայց չեն կարողացել սահմանափակել մեր մտքի ընթացքը: Բնական ռեսուրսները սպառվելու հատկություն ունեն, իսկ մարդկայինը՝ վերարտադրվելու»,- նշել է ՀՀ նախագահը։