Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ հայտարարությունները պետք է հասցեատեր ունենան: Այս մասին մարտի 30-ին Երեւանում հայտնել է ՀՀԿ պատգամավոր, միջազգային հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ 2016-ին ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությանը նվիրված ընդունելության ժամանակ:
Նրա խոսքով ԵԱՀԿ-ն այն կառույցներից է, որը հետեւողականորեն ձգտում է խաղաղություն ու կայունություն ապահովել այդ թվում Հարավային Կովկասում: Բայց Ադրբեջանը կանոնավոր խախտում է հրադադարի ռեժիմը, հրաժարվում հեռացնել դիպուկահարներին: Այդ դեպքերը ոչ միայն չեն դադարել, այլեւ հաճախացել են: Դրա համար էլ հայ պատգամավորը համարում է, որ միջադեպերի հետաքննման մեխանիզմը ոչ միայն կօգնի կանխել դրանք, այլեւ կնպաստի բանակցություններում առաջխաղացմանը: Եվ այս հարցում շատ կարեւոր կարող է լինել ԵԱՀԿ դերակատարումը:« Մենք կարեւոր ենք համարում ԵԱՀԿ հետեւողական քաղաքականությունը ու հասցեագրված մոտեցումը Ադրբեջանի գործողությունները գնահատելիս: Ժամանակը ցույց է տալիս, որ Ադրբեջանը հեռու է ինքնակարգավորման մտադրությունից ու չի էլ թաքցնում դա: Ադրբեջանի նման խախտումները ԵԱՀԿ-ին ավելի կոշտ արձագանքելու հիմք են տալիս: Դա անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,- շեշտել է պատգամավորը: Նա նշել է, որ չնայած բանակցային գործընթացում առկա բարդություններին, դիպուկահարների հեռացման հարցը կարող է լուծվել մեկ հրամանով: «Այն որ Ադրբեջանը չի անում դա՝ ցույց է տալիս նրա ռազմատենչ տրամադրվածությունը: Բայց Հայաստանը շարունակում է միջազգային պլատֆորմների շրջանակում աջակցել ԵԱՀԿ նպատակների իրականացմանը», ամփոփել է Արտակ Զաքարյանը:





























