Ֆրանսիայում սահմանադրական բարեփոխման ձախողման ֆոնին, որը Փարիզում ահաբեկչական գործողություններից հետո նախաձեռնել էր անձամբ Ֆրանսուա Օլանդը, ժողովրդականության նրա վարկանիշը լրջորեն անկում է ապրել:  Չորեքշաբթի հրապարակված հարցման տվյալների համաձայն, որն իրականացրել է սոցիոլոգիական    Odoxa ինստիտուտը, ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը բացասաբար է գնահատում պետության ղեկավարի գործունեությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Այսպես` «Ֆրանսուա Օլանդին արդյոք լավ նախագահ եք համարում» հարցին հարցվածների 81 տոկոսը վստահորեն «ոչ» է պատասխանել: Ֆրանսիացիների ընդամենը 18 տոկոսը դրական կարծիք ունի: Եվս  1 տոկոս դժվարացել է պատասխանել: 

Ֆրանսիական Odoxa ինստւտուտը համանման հարցումներ է իրականացրել Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում եւ Իտալիայում` գնահատելով վերոհիշյալ երկրների քաղաքացիների շրջանում առաջնորդների վարկանիշը:  Պարզվել է, որ Օլանդը «ռեկորդակիր է ոչ ժողովրդականությամբ»: Այս ցուցանիշով նա շրջանցել է Դեւիդ Քեմերոնին (44 տոկոս դրական արձագանք), Անգելա Մերկելին (51 տոկոս), Մատտեո Ռենցիին (34 տոկոս) եւ Մարիանո Ռահոյին (27 տոկոս):

Օլլանդի ժողովրդականության ցածր վարկանիշն անակնկալ չէ: Այն սկսել էր հետեւողականորեն անկում ապրել  2012-ին Ֆրանսիայի նախագահի ընտրությունից արդեն կես տարի անց, որովհետեւ չէին իրականացել գործազրկության նվազման եւ երկրում տնտեսական իրավիճակի բարելավման նրա նախընտրական խոստումները:  Հակառակը` սոցիալիստների օրոք գործազրկությունը նույնիսկ աճեց Ֆրանսիայում` գերազանցելով 10 տոկոսի հոգեբանական արգելքը:

Օլանդի գործողությունները անհամաձայնություն մտցրեցին նաեւ խորհրդարանում իշխող մեծամասնության շարքերում: Դրա արտացոլումը դարձավ 2015-ի նոյեմբերին Փարիզում ահաբեկչական գործողություններից հետո առաջարկված սահմանադրական բարեփոխման փաստացի տապալումը:  Օրենքի նախագիծն անմիջապես կատաղի վեճեր առաջացրեց:  Դրա առիթը ահաբեկիչներին քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ հարցն էր: Նորամուծության քննադատները նշում են, որ պատժի նման միջոցը հազիվ թե խրտնեցնի ահաբեկիչներին: Բացի այդ, շատերն անթույլատրելի էին համարում այնպիսի իրավիճակի ստեղծումը, երբ Ֆրանսիայում կատրող էին անհայրենիք մարդիկ հայտնվել` քաղաքացիություն չունեցող անձինք: Տարընթերցումներ առաջացրեց նաեւ սահմանադրության մեջ արտակարգ դրության վերաբերյալ հոդված մտցնելու առաջարկը:  

Ավանդաբար արհմիություններին մոտ կառավարությունը նույնիսկ նրանց իր դեմ տրամադրեց` մարտին աշխատանքային օրեհնսգիրք ներկայացնելով: Արդյունքում այս ամսվա ընթացքում ամբողջ Ֆրանսիայում բողոքի տարբեր գործողություններ տեղի ունեցան, իսկ մարտի 9-ի համապետական գործադուլը կազմակերպիչների տվյալներով, մոտ  500 հազար մարդ հավաքեց:

2017-ի գարնանը Ֆրանսիայում տեղի կունենան հերթական նախագահական ընտրությունները: Առայժմ Օլանդը գերադասում է չմեկնաբանել երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրելու հարցը: