Գերմանական Deutsche Post փոստային կոնցեռնի առաջին 2 հազար Streetscooter էլեկտրական մեքենաները շահագործման կհանձնվեն 2016 թվականին: Աստիճանաբար դրանց թիվը կհասնի 30 հազարի՝ փոխարինելով կոնցեռնի ավտոպարկի բոլոր մեքենաներին: Focus Online-ի փոխանցմամբ, այս մասին ապրիլի 2-ին հայտարարել է կոնցեռնի ներկայացուցիչ Յուրգեն Գերդեսը:
Ըստ DW-ի, նախագծի ֆինանսավորման համար շուրջ 9 մլն եվրո է հատկացրել Գերմանիայի Շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը: Մեքենաները կարտադրի Deutsche Post-ի դուստր ձեռնարկություն Streetscooter Gmbh-ը, որը կոնցեռնը ձեռք է բերել 2014 թվականին:
Էլեկտրական մեքենայի առավելագույն արագությունը 85 կմ/ժ կլինի, իսկ առանց լրացուցիչ լիցքավորման այն 80 կմ ճանապարհ կանցնի:
Deutsche Post-ը հույս ունի, որ Streetscooter մոդելն ամերիկյան Tesla ընկերության էլեկտրական մեքենաներին այլընտրանք կդառնա: Միջնաժամկետ հեռանկարում կոնցեռնը ծրագրում է իր մեքենաները մատակարարել նաեւ այլ ընկերությունների:



























