Air France ավիաընկերության օդանավերի ուղեկցորդուհիները հրաժարվում են Իրանում վայրէջք կատարելիս գլխաշոր կրել: Այս մասին հայտարարել է Կոմերցիոն քաղավիացիայի ազգային արհմիության ներկայացուցիչ Քրիստոֆեր Պիլեն:

Libre պարբերականի փոխանցմամբ, Փարիզ-Թեհրան երթուղով չվերթների վերականգնման նախաշեմին Air France ավիաընկերությունը ծառայողական գրություն է հրապարակել, որն ուղեկցորդուհիներին պարտադրում է թռիչքից հետո ինքնաթիռից դուրս գալուց լինել «տաբատով, ազատ բաճկոնով եւ գլուխն ու մազերը ծածկող գլխաշորով»:

«Ամեն օր մենք անհանգստացած ուղեկցորդուհիներից զանգեր ենք ստանում, որոնք նշում են, որ չեն ցանկանում գլխաշոր կրել»,- նշել է արհմիության ներկայացուցիչը:

Air France-ի ներկայացուցիչները լրագրողներին պարզաբանել են, որ ավիաընկերության անձնակազմի անդամները «պարտավոր են, ինչպես օտարերկրյա բոլոր հյուրերը, հետեւել այն երկրի օրենքներին, ուր այցելում են»: Այստեղ նաեւ հավելել են, որ այդ պահանջը կիրառվել է նաեւ Սաուդյան Արաբիա թռիչքների ժամանակ:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, անցյալ տարվա դեկտեմբերին Air France-ը հայտարարել է ապրիլի 17-ից Փարիզ-Թեհրան երթուղով ավիահաղորդակցությունը վերականգնելու մասին: