Միջազգային հանրությունը պետք է դեկլարացիաներից պատժամիջոցների անցնի Ադրբեջանի դեմ: Այս մասին ֆրանսիական լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովաննես Գեւորգյանը:

«Արդբեջանական բանակը հայտարարում է հրադադարի մասին, բայց շարունակում է գնդակոծել բնակավայրերը, մանավանդ մեր հանրապետության հյուսիսում գտնվող Մարտակերտ քաղաքը, սպանելով խաղաղ բնակչությանը: Միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանո ներքո, հայտարարություն է արել, բայց ես կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառվեն: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանին ոչինչ չի կանգնեցնում, ու նա սկսում է հարձակումներ քաղաքացիական բնակչության դեմ: Միայն դեկլարացիաներով բավարարվել չի կարելի»,- հայտնել է Գեւորգյանը:

Չնայած Լեռնային Ղարաբաղը միջազգային ճանաչում չունի, այն ինքնորոշված պետություն է, հավելել է նա: Անկախությունը ղարաբաղցիների համար ազատության աղբյուր է, Ադրբեջանի բռնապետությանը դիմադրելու աղբյուր: «Այն, եթե ուզում եք, վահան է, որը պաշտպանում է մեզ ադրբեջանական ագրեսիայից»,- հավելել է դիվանագետը: