Էրդողանն է ոգեւորել Ալիեւին՝ դիմել ագրեսիվ գործողությունների։ Դրան նպաստել է հիմնականում Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունը։
Անկարան չի թաքցնում որ աջակցում է Ադրբեջանին, զինատեխնիկա եւ բանակի կադրեր մատակարարելու առումով։ Այս մասին «Արցախ TV»-ի եթերում ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
Անդրադառնալով հարցին, թե ինչու հենց հիմա Ադրբեջանը որոշեց գնալ նման քայլի, Բաբայանը նշեց, որ Ադրբեջանը վաղուց արդեն ահաբեկչական եւ ֆաշիստական պետություն էր դարձել, դա բնորոշ է նման պետություններին, եւ ուշ թե շուտ Բաքուն գնալու էր այդ քայլին։ Նրա խոսքով, սակայն, կան նաեւ այդ ագրեսիաի դրսեւորումն արագացրած մի շարք պատճառներ։
«Ադրբեջանի արարքի համար մի շարք նախադրյալներ կան։ Դրան նպաստել է հիմնականում Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունը։
Անկարան չի թաքցնում, որ աջակցում է Ադրբեջանին, զինատեխնիկա եւ բանակի կադրեր մատակարարելու առումով։ Ադրբեջանի բանակի շարքերում կռվում են թուրքական բանակի սպաներ, ահաբեկչական կազմակերպությունների, ներկայացուցիչներ, ինչպիսին, օրինակ «Գորշ գայլերն» են»,- նշել է Բաբայանը՝ հավելելով, որ Ալիեւի այցը Անկարա նույնպես վկայում է այն մասին, որ էրդողանը ոգեւորել է Ալիեւին դիմել այդ քայլին։
«20 օր առաջ Ալիեւի այցը Անկարա, այնտեղ հնչած գաղափարները եւ համաձայնագրերը եւ բարեկամական, եղբայրական մնթնոլորտը վկայում են, որ այդ հանդիպումը եւ նման հռետորաբանությունը կոնկերտ թիրախ ունի։ Էրդողանն ըստ երեւույթին հորդորել է Ալիեւին, որ նա վերսկսի իր ապակառուցողական քաղաքականությունը։ Դրան այլ բացատրություն չկա, որովետեւ Ադրբեջանի գործողությունը առողջ բանականության մեջ չի տեղավորվում»,- ասել է ԼՂՀ նախագահի խոսնակը։
Դավիթ Բաբայանը հավելել է, որ նման պահվածք կարող էր ցույց տալ միայն արկածախնդրության ուղին բռնած բռնապետական պետությունը։ «Ի վերջո այն մեծաքանակ կորուստները, որոնք կրում է Ադրբեջանը առանց շոշափելի արդյունքի հասնելու, անհասկանալի են։ Հիմա Ալիեւը ինչպե՞ս պետք է սեփական ժողովրդին բացատրի իր արկածախնդրության իմաստը։ Դրանից պարզ է դառնում, որ իշխող կլանը բարդ իրավիճակի մեջ է հայտնվելու։
Բաքվին այդ քայլին հրահրելու մեջ վերջին դերակատարումը չունեցան ֆինանսատնտեսական խնդիրները, քանի որ Ադրբեջանի տնտեսությունը 90 տոկոսով կախված է նավթից, իսկ նավթի գների անկումը հարված էր երկրի բյուջեին եւ տնտեսությանը, եւ այս իրավիճակում սրվել է առանց այդ էլ լարված սոցիալական վիճակը Ադրբեջանում»,- ասել է Դավիթ Բաբայանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանում զանգվածային բողոքի ինչ-որ ալիք էր բարձրանում։
«Այդ պատճառով զանգվածաբար աշխատանքից ազատվում եւ հետապնդվում էին ԱԱԾ, ԱԳՆ, ՆԳՆ եւ բանակի աշխատակիցները։ Այն, որ ներսում բախումներ են սկսվել, դա երեւում էր։ Բնականաբար նման իրավիճակում արկածախնդիր կլանի համար կարեւոր էր շեղել բնակչության ուշադրությունը խնդիրներից եւ շահարկել արտաքին թշնամու կերպարը։ Սա վտանգավոր է նույն Ադրբեջանի համար, քանի որ նա մեկուսացել է։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարում են, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, իսկ Ալիեւը նման քայլերով հակասում է բոլոր մոտեցումներին եւ ավելին՝ մեղադրում է համանախագահներին ապակառուցողականության մեջ եւ նրանց սադրիչներ է համարում, ինչը մեղադրանք է ոչ թե կոնկրետ անձին այլ պետությանը»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը։
Անդրադառնալով այդ կառույցների անհասցե են հայտարարություններին՝ Դավիթ Բաբայանը նշեց, որ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ կարելի է կռահել, որ շուտով միգուցե ոչ հրապարակային ձեւով, բայց Ադրբեջանին սանձահարելու համար լուրջ քայլեր կլինեն։ «Քանի որ նման պետությունների համար նման պահվածքն անթույլատրելի է։ Այս անգամ Բաքվի նման պահվածքը անպատասխան չի մնա միջազգային հանրության կողմից։
Բաքվի արկածախնդրություն այս անգամ եւս կձախողվի։ Ադրբեջանն արդեն 2 տասնյակից ավելի տանկ է կորցրել, որոնց մեծ մասը Տ 90 մոդելի արդիական եւ բավականին թանկ տանկեր են։ Մենք եւս մեկ անգամ կապացուցենք աշխարհին որ ի վիճակի ենք պաշտպանել մեր անկախությունը, եւս մեկ անգամ աշխարհին ցույց կտանք, որ պաշտպանում ենք քաղաքակիրթ աշխարհի պատիվն ու անվտանգությունը, քանի որ Ադրբեջանի գործողություններ միջազգային ահաբեկչություն է»,- եզրափակել է ԼՂՀ նախագահի խոսնակը։




























