Հնարավոր է, որ Իսլանդիայի վարչապետ Սիգմունդուր Դավիդ Գուննլենգսոնը ստիպված կլինի հրաժարական տալ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված օֆշորային ընկերության հետ նրա կապերի հայտնաբերման պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ակնկալվում է, որ ապրիլի 4-ին Ալտինգան ( երկրի խորհրդարանը) կքննարկի կառավարության ղեկավարին վստահություն հայտնելու եւ արտահերթ ընտրություններ նշանակելու հարցերը: Իսկ երեկոյան խորհրդարանի շենքի մոտ կկայանա հանրահավաք Գուննլենգսոնի հրաժարականի պահանջով, որի օգտին է արտահայտվել ինտերնետային հանրագիրը ստորագրած 21 հազար իսլանդացի: Նախկին վարչապետ Յոհաննա Սիգուրդարդոտիրը նույնպես հրաժարական տալու բացահայտ կոչ է անում կառավարության ղեկավարին: Այս մասին հայտնել է Իսլանդական պետական հեռուստառադիոհաղորդակցության ծառայությունը, որի աշխատակիցները ակտիվ մասնակցել են Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի (ICIJ) աշխատանքին, որը կիրակի 11.5 մլն փաստաթուղթ է հրապարակել՝ աշխարհի մի շարք գործող ու նախկին առաջնորդների օֆշորային հաշիվների մասին տվյալներով:




























