Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի ( ՈւԱՀԲ) ներկայացուցիչ Սվետլանա Օլիֆիրան «24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ իրավապահ մարմինը չի հետաքննելու երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի օֆշորներին վերաբերող իրավիճակը:
«Ուկրաինայի գործող նախագահը ենթակա չէ ՈՒԱՀԲ հետաքննությանը: Կա իմփիչմենթի առանձին պրոցեդուրա, որն ամրագրված է սահմանադրության մեջ»,- պարզաբանել է Օլիֆիրան՝ շեշտելով, որ ՈւԱՀԲ-ն իրավունք չունի նման հետաքննություն վարել Ուկրաինայի գործող նախագահի դեմ:
Mossack Fonseca խոշոր պանամական ընկերությունից, որը աշխարհում չորրորդ խոշորագույն օֆշորային կազմակերպությունն է, տեղեկությունների արտահոսքի պատճառով լրատվամիջոցների տրամադրության տակ է հայտնվել տեղեկություն՝ միջազգային ցանցում օֆշորային գործարքներում 2 մլրդ դոլար գումարով ռուսական հետքի մասին, գրում է The Guardian–ը: ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը Panama Papers կոռուպցիայի մասին հետաքննությունը անվանել է խոշորագույն արտահոսք լրագրության պատմության մեջ:
2014-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկան երեք օֆշոր էր ստեղծել իր Roshen ընկերությունը վերակազմակերպելու նպատակով, ասվում է The Organized Crime and Corruption Reporting Project հետաքննության մեջ, որը վկայակոչում է Mossack Fonseca ընկերության տվյալների բազան:
2014-ի օգոստոսի 4-ին ընկերությունը ստացել է էլեկտրոնային հաղորդագրություն Dr. K. Chrysostomides & Co LLC իրավաբանական գրասենյակի ավագ աշխատակից Ջորջ Իոաննուից, որը խնդրում էր նոր հոլդինգային ընկերություն գրանցել «մի մարդու բիզնեսի համար, որը քաղաքականության հետ է կապված»:
Հետաքննությունում նաեւ նշված է, որ Պորոշենկոն 2014-ի ֆինանսական դեկլարացիայում չի նշել նոր օֆշորային ընկերության, օտարերկրյա ֆիրմաների սահմանադրական կապիտալում ներդրումների ու արտասահմանում ստացած իր եկամուտների մասին տվյալները:




























