Ֆրանսիացի լրագրող, Nouvelle d'Armenie պարբերականի թղթակից Ժան Էքիյանը NEWS.am–ի հետ զրույցում իր տեսակետն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ:
Պարոն Էքիյան, ինչպե՞ս եք գնահատում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Ինձ թվում է, ներկա էսկալացիան սկսվել է նրանից, որ հակամարտության վերաբերյալ որոշումները երկար ժամանակ ձգձգվում են: Այսօր զգացվում է, որ երկու կողմերն էլ ուզում են վերջապես լուծել այն՝ յուրաքանչյուրն իր ձեւով, շատ հնարավոր է որ դրա պատճառն այն է, որ Մինսկի խմբի բանակցությունները ոչ մի առաջխաղացում չունեն: Ադրբեջանը գտնվում է մի իրավիճակում, երբ նավթի գները անկում են ապրում, իսկ երկիրը ուզում է իրեն դերակատար զգալ միջազգային քաղաքականության ասպարեզում: Իր տնտեսական խնդիրները Արդբեջանը որոշել է լուծել Ղարաբաղի գրավումով:
Ձեր կարծիքով ֆրանսիական մամուլն ինչո՞ւ է այդքան քիչ անդրադառնում այս թեմային
Ֆրանսիական ռադիոկայանները ու հեռուստատեսությունը պատմել են հակամարտության վերսկսման մասին:Ինչ վերաբերում է տպագիր մամուլին, ապա իմ կարծիքով նրանք առայժմ տեղեկություններ են հավաքում ու «խաղի մեջ կմտնեն» եթե հակամարտությունը պատերազմի վերածվի:
Պարոն Էքիյան, ձեր կարծիքով ի՞նչ քաղաքական գործիքներ կարող են օգնել ղարաբաղյան հակամարտության լուծմանը:
Անկեղծ ասած՝ ես այս հարցին պատասխան չունեմ: Սա միջազգային ծավալի խնդիր է, ու իմ կարծիքով, հիմա ստատուս քվոն ինչպես երբեք պարտադիր է՝ մանավանդ նկատի ունենալով Մերձավոր արեւելքում ծավալվող իրադարձությունները:
-Եվրոպական պետությունները գիտեն, որ Ադրբեջանում բռնապետական ռեժիմ է, չկա խոսքի ազատություն, բանտերում քաղբանտարկյալներ կան, այդ դեպքում ինչո՞ւ առայսօր պատշաճ ճնշում չեն գործադրել Ադրբեջանի վրա ու ինչո՞ւ հիմա չեն գործադրում:
Եվրոպան հոյակապ հասկանում է, թե ում հետ գործ ունի: Ալիեւի բռնապետության վերաբերյալ նվազագույն դիվանագիտական քայլեր են արվում հենց իրատեսական նկատառումներով, չէ՞ որ հայտնի է, որ Հեյդար Ալիեւի հիմնադրամը, որի ղեկավարը Մեհրիբան Ալիեւան է, ֆինանսավորում է ադրբեջանական լոբբին եվրոպական երկրներում:




























