Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը լրջորեն մտահոգում է Կրեմլին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Կրեմլը դեռ մտահոգված է,- ասել է Պեսկովը,- Այս իրավիճակն իրոք լրջորեն մտահոգում է Կրեմլին»,- ասել է Պեսկովը:
Պեսկովը չի մեկնաբանել մի շարք ռուս սենատորների հայտարարությունները, որոնք փորձում են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը Թուրքիայի վրա բարդել: «Ես զերծ կմնայի որեւէ մեկնաբանությունից, - ասել է նա,- Սա շատ նուրբ թեմա է, որը պահանջում է շատ ուշադիր ու զգույշ վերաբերմունք՝ թե՛ գնահատականների, թե՛ գործողությունների առումով»:
Միաժամանակ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի միջեւ դեռ ոչ մի հեռախոսազրույց չի եղել: «Ոչ դեռ չի եղել,- ասել է Պեսկովը,- Դուք գիտեք, որ նախարարների մակարդակով ինտենսիվ երկխոսություն է ընթանում, եթե որեւէ նոր շփումներ լինեն, մենք ձեզ անպայման կտեղեկացնենք»:
Կրեմլի ներկայացուցիչը նաեւ նկատել է, որ Պուտինի մոտ հակամարտ կողմերի որեւէ հանդիպում դեռ չի քննարկվում, ինչպես 2014-ին էր Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակ: «Որեւէ համաձայնեցված համատեղ միջոցառում չկա,- ասել է նա,- Դուք գիտեք, որ բարձր մակաարդակով հանդիպումներին նախորդում են շատ ծանր աշխատանքներ՝ աշխատանքային ու փորձագիտական մակարդակով: Բարձր մակարդակով ցանկացած հանդիպում պետք է լավ պատրաստվաած լինի, հիմա գիտեք, որ փորձագետների մակարդակով աշխատանքներն ակտիվ ընթանում են»:




























