Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովը խստորեն դատապարտել Ադրբեջանի գործողությունները՝ որակելով դրանք որպես ահաբեկչություն՝ ուղղված ողջ տարածաշրջանին:
Այս մասին նա նշել է այսօր՝ ապրիլի 4-ին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ հանդիպման ժամանակ:
ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ընթացող իրադարձություններին՝ Թալի Պլոսկովն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին եւ խստորեն դատապարտել Ադրբեջանի գործողությունները՝ որակելով դրանք որպես ահաբեկչություն՝ ուղղված ողջ տարածաշրջանին: Կնեսետի փոխխոսնակը կիսելով հայ ժողովրդի մտահոգությունը՝ իր պատրաստակամությունն է հայտնել՝ համատեղ բարձրաձայնելու ստեղծված անընդունելի իրավիճակի մասին եւ կոչ արել Ադրբեջանին դադարեցնել այդ՝ որեւէ տեղ չտանող քաղաքականությունը:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը վստահություն է հայտնել, որ Կնեսետի խորհրդարանականների այցն արդյունավետ կլինի հայ-իսրայելական հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման համար: Տիկին Նաղդալյանն առանձնապես կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունը, այդ համատեքստում նշանակալի դերակատարություն վերապահել բարեկամական խմբերին: ԱԺ փոխնախագահի խոսքով, երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն տարբեր բնագավառներում, որոնցից են մասնավորապես, առեւտրատնտեսական, մշակութային, գյուղատնտեսական, ոլորտները, քաղավիացիան եւ տուրիզմը:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը բարձր է գնահատել ցեղասպանությունների ճանաչման եւ կրկնության կանխարգելման գործում Իսրայելի ներդրումը եւ կարեւորել Կնեսետում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման հետ կապված զարգացումները: Հերմինե Նաղդալյանը հույս է հայտնել, որ Կնեսետի արձագանքն այդ կապակցությամբ ծանրակշիռ կլինի: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել Իսրայելի կառավարությանըª Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար եւ հույս հայտնել, որ առաջիկա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության¦ գլոբալ ֆորումին Իսրայելի պատվիրակությունը մասնակցություն կունենա:
Հանդիպման ընթացքում երկուստեք անդրադարձ եղավ հայ ժողովրդի համար ներկա ծանր իրավիճակին:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, Հերմինե Նաղդալյանը բարձրաձայնել է Ադրբեջանի ահաբեկչական եւ ագրեսիվ քաղաքականության մասին, որն առավել սրվել է վերջին օրերին:
ԱԺ փոխնախագահը այս համատեքստում կարեւորել է միջազգային հանրության միջամտությունը եւ հույս հայտնել , որ Իսրայելը, որպես ահաբեկչության դեմ պայքարում ներդրում ունեցող պետություն, իր աջակցությունը կցուցաբերի Հայաստանին:
Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովը իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նույնպես կարեւորել միջխորհրդարանական կապերի սերտացման, ինչպես նաեւ՝ տարբեր ոլորտներում գործուն համագործակցության անհրաժեշտությունը: Նա տեղեկացրել է, որ այցի ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, որոնց արդյունքում արդեն ուրվագծվել են կոնկրետ ծրագրեր՝ ուղղված գործարար կապերի հաստատմանն ու ամրապնդմանը: Տիկին Պլոսկովն անհրաժեշտ է համարել համատեղել ջանքերը եւ միասնաբար պայքարել ցեղասպանությունների կանխարգելման համար:




























