Ադրբեջանը ոչ թե կարող է, այլ պարտավոր է պահպանել հրադադարը: Այս մասին ՀՀ ԱԺ-ում ապրիլի 4-ին հայտնել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ դեսպանների հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման արդյունքներին:

Նախագահը նշել է, որ եթե մարտական գործողությունները շարունակվեն ու ավելի ծավալուն բնույթ ստանան՝ Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կողմ են հրադադարի պահպանմանը՝ այն պայմանով, որ ադրբեջանական կողմը վերադառնա մինչեւ 2016-ի ապրիլի մեկը զբաղեցրած դիրքերը: Նա հստակ նշել է, որ հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մնում, ու Ադրբեջանը պետք է պահպանի այն ոչ թե որպես բարի կամքի դրսեւորում, այլ որպես փաստաթղթով ստանձնած պարտավորություն: Եվ անկախ նրանից՝ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները նրան դուր են գալիս, թե ոչ, Ադրբեջանը պետք է նրանց հետ ուղիղ բանակցություններ վարի: Նախագահը նաեւ դատապարտել է Թուրքիայի միակողմանի հանցավոր դիրքորոշումը ու հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում այն անելիք չունի»,- ասել է Շարմազանովը: