Թուրքիան ոչ միայն դիվանագիտական աջակցություն է հայտնում Ադրբեջանին, այլ ուղղակի աջակցություն, որ իրենց կողքին են, ինչը կարող է համաշխարհային պատերազմի նախադրյալներ ստեղծել: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Թուրքիայի այս պահվածքը կարող է համաշխարհային պատերազմի սկիզբ դնել, ընդհուպ գերտերությունների շահերի բախման: Բոլորին է հայտնի, որ ղարաբաղյան կոնֆլիկտը բարդ հանգույց է, որտեղ կան ուղղակի եւ անուղղակի աշխարհաքաղաքական շահեր: Այդ շահերի կիզակետն էր սա, եթե սա երկար տեւի, բնականաբար, բոլոր պետությունները, որոնք հետապնդում են աշխարհաքաղաքական նպատակներ ի հայտ կգան: Բախումը կբերի համաշխարհային մակարդակի կատաստրոֆայի: Սա պետք է հասկանան բոլոր կառույցները եւ հնարավորինս արագ կանխեն»,-ընդգծել է Ռուստամյանը:
Ըստ պատգամավորի՝ միջազգային հանրության հայտարարություններն առայժմ զգուշավոր են:
«Հույս են փայփայում, որ կողմերը կնստեն բանակցությունների եւ զինադադարի ռեժիմը կվերականգնվի, բայց այս զգուշավորությունը կարող է վերանալ, եթե բախումը գնալով ավելի խորանա: Ես համոզված եմ, որ ՀԱՊԿ-ի մեջ լինելով՝ բոլորը հասկանում են, որ սա կարող է դառնալ հարձակում Հայաստանի վրա: Թեեւ Ադրբեջանը այնպես է պլանավորել, որ սա դիտվի միայն Ղարաբաղի վրա ագրեսիա, որ իբր իրենց տարածքներն է եւ դրա իրավունքը ունեն, ու դրա համար էլ կենտրոնացել են Ղարաբաղի սահմանի ողջ երկայնքի վրա, սակայն պետք է պարզ դառնա, որ այս հարձակումը նշանակում է Հայաստանի վրա հարձակում»,-ասել է դաշնակցական գործիչը:
Արմեն Ռուստամյանի խոսքով որպեսզի դա ամրագրվի հարձակում Հայաստանի վրա, պետք է հաստատվի փոխօգնության պայմանագիրը: «Այսինքն՝ դե ֆակտո իրավիճակը պետք է դե յուրե ամրագրել: Ակնհայտ է, որ Հայաստանն է ուղղակի պաշտպանում սահմանները: Դե յուրե ամրագրող քայլերը բավարար չեն: Փոխօգնության պայմանագիրը պետք է գլխավոր հարցը լինի, որովհետեւ սրանից բխելու է ՀԱՊԿ-ում որոշակիության հարցը: ՀԱՊԿ-ն չպետք է դիտի Ղարաբաղը առանձին գոտի եւ որ ինչ կատարվում է այնտեղ, համարի՝ իր խնդիրը չէ: Այսինքն՝ այն միջազգային կառույցներով, որտեղ մենք ունենք անվտանգության ծավալները, այդ ծավալների մեջ Ղարաբաղի ընգրկմամբ խնդիրը պետք է լուծվի»,-նշեց Ռուստամյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սա ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։




























