Միայն Ադրբեջանը կարող է հասկանալ, թե ինչն է իրենց  դրդել Լեռնային Ղարաբաղի սահմանին կոնֆլիկտի ստեղծման։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Իսրայելի Կնեսետի փոխնախագահ Թալի Պլոսկովը։

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը կապ ունենա Սիրիայի կոնֆլիկտի հետ՝ հաշվի առնելով ռուս-թուրքական լարվածության առկայությունը,  փոխնախագահը պատասխանեց, որ չի կոնֆլիկտի գնահատական չի կարող տալ:

«Ամեն դեպքում Մինսկի եռյակը հրադադարի կոչ է անում։ Մենք եւս միանում ենք նրանց այս հարցում։ Թե ո՞վ է սկսել կոնֆլիկտը, հայտնի չէ, բայց բոլորս էլ դատապարտում ենք այն  եւ կոչ անում խաղաղության»,-ասաց Պլոսկովը։

Խոսելով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու գործարքի մասին՝ Կնեսետի փոխխոսնակը նկատեց, որ Իսրայելը հարյուրավոր պետությունների հետ է համագործակցում:

«Իսրայելը հարյուրավոր պետությունների հետ է համագործակցում, ինչպես եւ Հայաստանը։ Շատ պետություններ, որոնց հետ Հայաստանն է համագործակցում, միգուցե, մեզ համար հաճելի չեն։ Բայց ինչպես գիտենք, յուրաքանչյուր պետություն ունի ազատ որոշումներ  կայացնելու իրավունք։ Իսրայել հասնելուն պես, ես, իհարկե, կխոսեմ այն պատգամավորների հետ, որոնք զբաղվում են համապատասխան հարցով։ Իսկ այս պահին ես իրավունք չունեմ այստեղ խոսել պետության անունից։ Միայն համոզված եմ, որ մեր պետությունը միշտ խաղաղության կողմնակիցն է եղել»,- ասաց նա։