Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Նորվեգիայի եւ մի շարք այլ երկրների իշխանությունները Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումից (ICIJ) խնդրել են «Պանամայի փաստաթղթերի» պատճենը՝ համաշխարհային քաղաքական եւ գործարար վերնախավի ներկայացուցիչների օֆշորային հաշիվների մասին տվյալներով, դրանք ուսումնասիրելու եւ հարկերից խուսափելու դեմ պայքարի համար համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար:
Ըստ ՏԱՍՍ-ի, սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վաշինգտոնում գտնվող ICIJ-ի գրասենյակը 11.5 մլն փաստաթուղթ է հրապարակել համաշխարհային մի շարք գործող եւ նախկին առաջնորդների օֆշորային հաշիվների մասին:
Հաշվետվությունները ներկայացված են կազմակերպության պաշտոնական կայքում: Դրանք հիմնված են Պանամայի Mossack Fonseca ընկերությունից տեղեկատվական արտահոսքի վրա, որն իրավաբանական աջակցություն է ցուցաբերում օֆշորային գոտիներում ընկերությունների գրանցման հարցում:
Տեղեկատվության արտահոսքը մեկնաբանել է ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնուդենը: «Հրապարակվել է լրագրության պատմության մեջ ամենախոշոր տվյալների արտահոսքը, եւ այն նվիրված է կոռուպցիային»,- Twitter-ի իր էջում գրել է Սնոուդենը:




























